Մատչելիության հղումներ

Ամերիկան փակում է սահմանները, Իտալիան անցնում է նոր սահմանափակումների. Covid-19


Ամերիկան երեսուն օրով փակում է դռները եվրոպացիների առաջ` Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Աննախադեպ սահմանափակումն ուժի մեջ կմտնի վաղվանից` ուրբաթ կեսգիշերից. բացառություն կարվի միայն Մեծ Բրիտանիայի քաղաքացիների համար՝ դիմելով ամերիկացիներին, ժամեր առաջ հայտարարեց նախագահ Թրամփը:

«Մեր տարածքում նոր դեպքերը բացառելու համար ես որոշում եմ ընդունել, ըստ որի մենք կդադարեցնենք բոլոր ուղևորությունները Եվրոպայից Միացյալ Նահանգներ», - հայտարարեց Սպիտակ տան ղեկավարը, հավելելով. - «Մենք ոտքի ենք հանել դաշնային կառավարության և մասնավոր սեկտորի ողջ հզորությունը` պաշտպանելու Ամերիկայի ժողովրդին»:

Անցած մի քանի շաբաթների ընթացքում Ամերիկայում նոր կորոնավիրուսից մահացել է առնվազն 38 մարդ, վարակվել` ավելի քան 1200-ը:

Դոնալդ Թրամփի ուղերձից ժամեր առաջ էլ Ժնևում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) էր հայտարարել` անցած տարեվերջին Չինաստանում սկիզբ առած վիրուսն այլևս դարձել է համաշխարհային համաճարակ: Կազմակերպության գլխավոր քարտուղար Թեոդրոս Գեբրեսիուսը հորդորել էր աշխարհի առաջնորդներին ակտիվացնել արագ արձագաքման մեխանիզմները, խոսել սեփական ժողովրդի հետ հնարավոր վտանգների մասին և տեղեկացնել` ինչպես կարող են վիրուսից պաշտպանվել: «Սա այլևս բոլորին է վերաբերում», - ընդգծել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը:

«Մենք ակնկալում ենք, որ առաջիկա օրերի և շաբաթների ընթացքում հիվանդացության ու մահացության դեպքերի, ինչպես նաև դրանց արդյունքում տուժած երկրների թիվը է՛լ ավելի կավելանա: Մեր կազմակերպությունը շուրջօյա ռեժիմով հետևում է իրավիճակին, և մենք խորապես մտահոգված ենք թե՛ վիրուսի տարածման տեմպերով, թե՛ անգործության աստիճանով», - ասել էր Գեբրեսիուսը:

Փաստելով, որ համաճարակն այլևս պանդեմիկ բնույթ է կրում, ԱՀԿ֊ն միաժամանակ ընդգծում է` նոր բնորոշումը չի նշանակում , թե կազմակերպությունը կառավարություններին նոր հանձնարարականներ կամ պահանջներ է ներկայացնելու: «Մեր հորդորը շարունակում է մնալ նույնը` հայտնաբերեք, ստուգեք, բուժեք, մեկուսացրեք և մոբիլիզացրեք ձեր ժողովուրդներին», - հայտարարել է միջազգային կազմակերպության ղեկավարը:

Փորձագետներն իրենց հերթին փաստում են` այս եզրույթի օգտագործումն ընդգծում է, որ աշխարհի երկրները պետք է ավելի սերտորեն համագործակցեն և համախմբեն ջանքերը` իրավիճակը վերահսկողության տակ առնելու համար:

Վերջին տվյալներով՝ նոր կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել արդեն 109 պետություններում, վարակվածների թիվն անցնում է 125 հազարից, հիվանդների մոտ կեսը`շուրջ 68 հազարն ապաքինվել են, մահացել է ավելի քան 4 հազար 600 մարդ:

Վիրուսի տարածման օջախները մի քանի օր է` Չինաստանից տեղափոխվել են Հարավային Կորեա, Իրան և Իտալիա, որտեղ անցած մեկ օրում միայն 196 մարդ է մահացել:

Մի քանի օր է` Իտալիայի ողջ տարածքով մեկ կարանտին է հայտարարված: Երեկ էլ կառավարությունը նոր սահմանափակումներ է մտցրել` փակելով հանրային օբյեկտները, այդ թվում` ռեստորաններն ու սրճարանները. առաջիկա օրերին Իտալիայում բաց կլինեն միայն դեղատներն ու սննդի խանութները:

XS
SM
MD
LG