Չնայած Մարտի 1-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) դադարեցրել է ոստիկանության գեներալ-լեյտենանտ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը, այդուհանդերձ, «Ազատության» հարցմանն ի պատասխան ՀՔԾ-ից հաղորդում են, որ քրեական գործով հիմնավորվել է Ոստիկանության պետի նախկին տեղակալի մեղքը։
Ըստ ՀՔԾ-ի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում` սահմանադրական կարգի տապալման առանձնապես ծանր հանցագործության կատարման ընթացքում, Աֆյանը, 2008-ի մարտի 1-ին անցնելով պաշտոնեական լիազորությունները, այլ անձանց հետ կազմակերպել է Երևանի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու գործողություները, դրանք ուղեկցվել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ: Այս ամենի հետևանքով քաղաքացիների իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, փոխանցում են ՀՔԾ-ից։
Հաշվի առնելով, որ այս դեպքում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, Սաշա Աֆյանը դիմել է ՀՔԾ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Ուստի քննիչի կողմից կայացվել է նման որոշում, ինչը, ըստ ՀՔԾ-ի, համարվում է ոչ արդարացնող հիմք: