Մատչելիության հղումներ

Սեդա Սաֆարյանը պնդում է՝ Ալեքսանդր Աֆյանը պետք է մեղադրվեր առանձնապես ծանր հանցագործության համար


Փաստաբան Սեդա Սաֆարյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ
Փաստաբան Սեդա Սաֆարյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Մարտի 1-ի գործով տուժողի փաստաբան, 2008 թվականի մարտյան արյունալի իրադարձություններից հետո ձևավորված Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը պնդում է՝ եթե այս գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) առավել խիստ հոդվածով մեղադրանք առաջադրեր ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Աֆյանին, ապա նա չէր ազատվի պատասխանատվությունից։ Սաֆարյանը, որ Փաստահավաք խմբի գործունեության ժամանակ ծանոթացել է բազմաթիվ փաստաթղթերի, զրուցել տարբեր մարդկանց, այդ թվում՝ նախկին բարձրաստիճան ոստիկանների հետ, պնդում է՝ 2008-ի մարտի 1-ի վաղ առավոտյան Երևանի Ազատության հրապարակում սկսված ոստիկանական բռնությունները ղեկավարել է նաև Աֆյանը։

«Եթե առավոտվա դրվագով բացահայտվեր նաև, թե ինչ ուժեր են ներքաշված եղել ոստիկանության հետ համահավասար, ես չեմ կարծում, որ Աֆյանը էնպիսի մի հոդվածով մեղադրյալ լիներ, որը վաղեմություն տարածելու հնարավորություն ունենար», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախկին Փաստահավաք խմբի անդամը։

«Առավոտվա դեպքերում ոստիկանության հետ նաև պատահական ներքաշված և ոստիկանի համազգեստ կրող և ոստիկանի անունից հանդես եկող ուժեր են եղել՝ նկատի ունեմ Արցախից բերված խումբը, Արցախից բերված էդ խումբը, որը անելիք էդ օրը չի ունեցել և էդ առավոտվա գործողություններում...», - շարունակեց Սաֆարյանը, «Ազատության» դիտարկմանը՝ «քաղաքացիական խումբ, որը հագել է ոստիկանների՞ հագուստ», արձագանքելով. - «Այո, այո, այո, այո, որովհետև նրանք իրավասու չեն եղել էդ առավոտյան գործողությունները կատարել»։

Անցած շաբաթ ՀՔԾ-ն հայտարարեց, որ Աֆյանի նկատմամբ դադարեցրել է քրեական հետապնդումը վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ։ Նրան մեղադրանք էր առաջադրվել զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, կազմակերպելու հոդվածով։

Միայն անցած շաբաթ պարզ դարձավ, որ գեներալ-լեյտենանտը ևս մեղադրվում է 2008-ի մարտյան արյունահեղության գործով, ՀՔԾ-ն մինչ այդ որևէ տեղեկատվություն Աֆյանի մեղադրանքի մասին չէր հաղորդել։

Սեդա Սաֆարյանը պնդում է՝ ոչ միայն գեներալ-լեյտենանտ Աֆյանը, այլև շատ այլ նախկին բարձրաստիճան ոստիկաններ պետք է մեղադրվեն առանձնապես ծանր հանցագործության համար, ինչի դեպքում վաղեմության նման կարճ ժամկետ չէր գործի. - «Որովհետև այդտեղ օրինական պետական մարմինները և անօրինական զինված խուժանը համատեղ գործել է, ու Աֆյանը ինքը իմացել է, որ էդ գործողությունները կատարվում են։ Եվ էդ հանցավոր համագործակցությունը <...> իրենից ներկայացնում է ծանր հանցագործություն, առանձնապես ծանր հանցագործություն, իսկ առանձնապես ծանր հանցագործության վաղեմության ժամկետը լրացած չէր լինի»։

Մարտի 1-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը 65-ամյա Ալեքսանդր Աֆյանի անունը նշեց 2019-ի սեպտեմբերի 25-ի հաղորդագրության մեջ։ Այդ օրը հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ միանգամից երեք հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և հանցագործությունը պարտակելու համար: Նույն այս հաղորդագրությունում հիշատակված էին նաև նախկին բարձրաստիճան ոստիկաններ, որոնց թվում էին անցած սեպտեմբերին պաշտոնական վարկածով ինքնասպան եղած՝ 2008-ին Հայաստանի ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, Ալեքսանդր Աֆյանը, Հովհաննես Թամամյանը, Հայկ Միլիտոնյանը։ Ըստ ՀՔԾ-ի, նրանք կազմել էին կեղծ պաշտոնական տեղեկանքներ մարտյան իրադարձությունների մասին և դրանք փոխանցել տարբեր պետական և միջազգային կառույցների։ Ըստ իրավապահների, նախկին բարձրաստիճան ոստիկանները 2008-ին նախագահի օգնական, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գևորգ Կոստանյանի հանձնարարությամբ կատարել են նման գործողություններ՝ նպատակ ունենալով թաքցնել նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները և հանցագործության հետքերը՝ դրանք են՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևանում ծավալվող իրադարձությունների ժամանակ ոստիկանության իրականացրած անօրինական գործողությունները և Հայաստանի Զինված ուժերի հակասահմանադրական օգտագործումը։

XS
SM
MD
LG