Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳՆ խոսնակը «հայ ժողովրդի հանդեպ թշնամանքի քարոզ» է որակում Ալիևի ելույթը նոր խորհրդարանում


ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան

«Ադրբեջանի նախագահը նորանշանակ խորհրդարանի բացման նիստին հանդես է եկել ընդարձակ ելույթով, որում հերթական անգամ տեղ են գտել Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ ատելության խոսքի հստակ դրսևորումներ», - հայտարարում է այսօր Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը:

«Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքների լեգիտիմության ցածր մակարդակը, քաղաքական և ժողովրդավարական բարեփոխումներ կատարելու անկարողությունը Ադրբեջանի իշխանությունները փորձում են քողարկել ագրեսիվ, անհիմն և մտացածին պնդումներով, որոնք Հայաստանից և հայ ժողովրդից բացի ուղղվում են նաև եվրոպական երկրներին, եվրոպական կառույցներին, Ադրբեջանում ընտրությունները դիտարկած միջազգային դիտորդական առաքելությանը», - ասված է Աննա Նաղդալյանի հայտարարությունում, որը հրապարակել է Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:

Հատկապես մտահոգիչ է, ըստ Նաղդալյանի, որ «Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է իր անհիմն մեղադրանքներում խաղարկել կրոնական քարտը՝ մի կողմից եվրոպական երկրներին մեղադրելով կրոնական հողի վրա միգրանտների իրավունքների խախտումների մեջ, իսկ մյուս կողմից՝ կրոնական համերաշխության կոչեր անելով ԼՂ հակամարտության համատեքստում»:

«Ադրբեջանի նախագահի կողմից պատմական և աշխարհագրական նոր «հայտնագործություններով» ուղեկցվող հայ ժողովրդի հանդեպ թշնամանքի քարոզը արմատապես հակասում է վերջին շրջանում խաղաղության համար բարենպաստ միջավայր ձևավորելու և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Ադրբեջանի հանձնառություններին:

Այս տեսակետից պետք է փաստել, որ Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների առկա խիստ ցածր չափանիշները լրջորեն խոչընդոտում են ԼՂ խաղաղ գործընթացի առաջմղմանը, մասնավորապես այդ գործընթացի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը:

Սեփական լեգիտիմությունը հարևան ժողովրդի հանդեպ ատելության և միջազգային համայնքի հանդեպ անվստահության վրա կառուցելու Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության փորձերն անպատասխանատու են և կարող են վտանգել տարածաշրջանի խաղաղությունը և անվտանգությունը», - շեշտում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:

XS
SM
MD
LG