Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը Գորիսում հանրաքվեի հռչակագրի նախագիծ ներկայացրեց


«Այո»-ի քարոզարշավը գլխավորող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գորիսում ներկայացրեց հանրաքվեի հռչակագրի նախագիծ, որով քաղաքական գնահատական է տրվում հեղափոխությունից առաջ տեղի ունեցած գործընթացներին, այդ թվում՝ ընտրություններին, որոնք, ըստ վարչապետի, կեղծվել են։

Ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն, հիշեցնենք, վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և բարձր դատարանի ևս վեց անդամի պաշտոնավարման դադարեցմանը։

«Առաջին՝ 1995 թվականից մինչև 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցած որևէ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը: Երկրորդ՝ ժողովրդի ազատ կամարտահայտման սահմանափակմանը, այսինքն՝ ընտրողների կամքի նկատմամբ ապօրինի ազդեցության գործադրմանը, ընտրությունների արդյունքները գործընթացին գուգահեռ Հայաստանում սկսվել է ձևավորվել կոռուպցիոն համակարգ, որը վերաճել է համակարգային կոռուպցիայի, այս երևույթը Հայաստանում գոյություն է ունեցել մինչև 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը։ Երրորդ՝ այս համակարգի պայմաններում նախագահական, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները, ներառյալ Սահմանադրական դատարանը մեծ մասամբ սպասարկել են անձնային, խմբային շահեր՝ ետին պլան մղելով Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ազգային և պետական շահերը, օրենքի և իրավունքի գերակայությունը՝ արգելափակելով Հայաստանի զարգացումը, ժողովրդի բարեկեցությունը։ Արդյունքում՝ բազմաթիվ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ կուտակել են հսկայածավալ ապօրինի հարստություն: Չորրորդ՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի կուտակած հարստության վերադարձը պետական գանձարան Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի անքակտելի իրավունքն է։ Այդ գործընթացը պետք է տեղի ունենա բացառապես իրավական ճանապարհով, Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ իրավապահ համակարգի, անկախ դատական համակարգի, ներառյալ անկախ և լեգիտիմ Սահմանադրական դատարանի ձևավորմամբ։ Հինգերորդ՝ Հայաստանում պետք է ձևավորվեն իշխանության և բիզնեսի տարանջատման գործուն մեխանիզմներ, իշխանությունը չի կարող լինել հարստություն կուտակելու կամ հարստությունը պահպանելու միջոց», - հայտարարեց վարչապետը։

Նախագծում փոփոխություններ կարվեն, եթե հիմնավորված առաջարկներ ներկայացվեն մինչև մարտի 31-ը: Հռչակագրի տեքստը, վարչապետի խոսքով, կհրապարակվի մինչ հանրաքվեն:

Արդեն Տաթև համայնքում վարչապետը ևս մեկ ուշագրավ հայտարարություն արեց, որի մասին առաջին անգամ էր հրապարակային անդրադարձ կատարվում: Խոսքը ավելի քան 40 միլիոն դոլարի չարաշահման մասին է։ Փաշինյանն ասաց՝ քրգործը սպառազինության գնմանն է առնչվում։ Հայտարարեց, թե նախկին իշխանությունների օրոք բանակի համար անպիտան զինամթերք է գնվել։

«Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 միլիոն դոլար տվել է զենք է առել, էդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, մետաղի ջարդոն է, ընդամենը մետաղի ջարդոն, 42 միլիոն դոլար են տվել այդ մարդիկ, այդ զենքը ոչ մի բանի պիտանի չի, դա զենք էլ չի, դա անհասկանալի....։ Հիմա քրեական գործ է հարուցված, թող Սերժ Սարգսյանը գա, սրա պատասխանը տա», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Այս օրինակը վարչապետը բերեց՝ ցույց տալու համար, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչների հայտարարություններն ու ակնարկները, թե ներկայիս իշխանությունները փորձում են Արցախի հողերը հանձնել, չեն համապատասխանում իրականությանը։

Տաթև համայնքից հետո «Այո»-ի ճակատը քարոզարշավը շարունակեց Սիսիանում:

«Մենք բոլորս պետք է ատենք մեր խեղճությունը, մենք պետք է մեր ոտքերի տակ տանք մեր խեղճությունը, մենք մեզ թույլ չպետք է տանք խեղճ լինենք, որովհետև մենք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի ենք, մենք նոքար չենք, մենք տարբեր ենք, մենք մարդ ենք, մենք արժանապատիվ ենք, մենք Արցախում հաղթած, Արցախում զոհված մեր ազատամարտիկների հետնորդներն ենք, մենք պատասխանատվություն ունենք նրանց առաջ, մենք մեկին խեղճ տենալիս չպետք է գնանք և նրան ավելի խեղճացնենք, պետք է կռիվ տանք իրա հետ, իրա խեղճության հետ, պետք է կռիվ տանք, պետք է ասենք՝ չենք թողնելու, կռիվ ենք անելու, ագրեսիվ ենք լինելու։ Այս հանրաքվեն նաև դրա համար է, հեղափոխությունը ընդդեմ խեղճության էր, հեղափոխությունն ընդդեմ հայի լալկանության էր», - հայտարարեց վարչապետը։

Սյունիքի մարզում վերջին կանգառը Գորայք համայնքն էր: Վարչապետը այստեղ խոսեց այն փոփոխություններից, որոնք արվել են ներկայիս իշխանությունների օրոք, և այն խնդիրներից, որոնք դեռ առկա են: Գյուղացիներից մի քանիսը Ամուլսարի խնդրին անդրադարձան: Հանքավայրի գործարկումը նրանք անհրաժեշտություն են համարում:

«Ամուլսարից այս կողմ կողմ են, էն կողմ դեմ են, դե հիմա արի էդ հարցին պատասխանի։ Ես անկեղծ պետք է ասեմ, որ միևնույն ժամանակ և՛ շահագրգիռ եմ, որ Ամուլսարն աշխատի, և՛ շահագրգիռ չեմ, որ Ամուլսարն աշխատի։ Ինչո՞ւ եմ շահագրգիռ, շահագրգիռ եմ, որովհետև գիտեմ, որ հանքի շահագործումը տնտեսական օգուտներ կբերի, շահագրգիռ չեմ, որովհետև մինչև այս պահը մենք չենք ստացել անհերքելի փաստեր, որ էդ հանքի շահագործումը կարողանալու ենք անհերքելի ապահովել և կազմակերպել։ Բայց խնդիրն ի՞նչ է, որպեսզի այս հարցերի պատասխանը ստանանք, ես հեսա Ջերմուկ եմ գնում, այնտեղ էլ եմ ասելու, օրինակ՝ ինձ համար երրորդ հարցը չկա, եթե լինեն անհերքելի փաստեր, որ մենք կարողանալու ենք բնապահպանական կառավարելի ռիսկերով շահագործենք, ես կողմ կլինեմ։ Ինչի՞ եմ ասում կառավարելի ռիսկեր, որովհետև տենց բան չկա, որ բնապահպանական վնաս չի առաջացնում», - ընդգծեց Փաշինյանը։

XS
SM
MD
LG