Մատչելիության հղումներ

Փաշինյանը Գորիսում ուշագրավ հայտարարություններ արեց


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակում է հանրաքվեի հռչակագրի նախագիծը, Գորիս, 11-ը մարտի, 2020թ.

Այսօր «Այո»-ի ճակատի քարոզարշավը մեկնարկեց Գորիսից։ Այստեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություն արեց՝ նա ասաց, որ հանրաքվեի հռչակագրի նախագիծն են պատրաստում, որով քաղաքական գնահատական կտրվի նախկին 30 տարիներին տեղի ունեցած գործընթացներին, մասնավորապես՝ ընտրություններին, որոնք, ըստ վարչապետի, կեղծվել են։

«Կտրվի նախնական, ընդհանուր գծերով քաղաքական գնահատական մեր վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցած պրոցեսներին՝ ընդհանրական, փորձ կարվի ախտորոշել՝ ամենաբարդ և մեծ խնդիրը որն է եղել, որը նաև հիմք կդառնա մեր համազգային պայմանավորվածության, որ դա այլևս երբեք չի կրկնվի։ Եվ ուրեմն, հիմա ես հրապարակում եմ 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագրի նախագիծը և ասում եմ նաև, որ առաջարկներ սրա հետ կապված մինչև մարտի 31-ը կարող են ուղարկվել «Այո» շտաբին», - ասաց Կառավարության ղեկավարը։

Արդեն Տաթև համայնքում վարչապետը ևս մեկ հայտարարություն արեց, որի մասին, ըստ երևույթին, առաջին անգամ էր հրապարակային անդրադարձ կատարվում՝ խոսքը ավելի քան 40 միլիոն դոլարի չարաշահման մասին է։ Ասաց՝ քրգործը սպառազինության գնմանն է առնչվում, հայտարարեց, թե նախկին իշխանությունների օրոք բանակի համար անպիտան զինամթերք է գնվել։

«Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 միլիոն դոլար տվել են՝ զենք են առել, էդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, մետաղի ջարդոն է՝ ընդամենը մետաղի ջարդոն։ 42 միլիոն դոլար են տվել էդ մարդիկ։ Էդ զենքը ոչ մի բանի պիտանի չի՝ դա զենք էլ չի, դա անհասկանալի... Հիմա քրեական գործ է հարուցված՝ թող Սերժ Սարգսյանը գա սրա պատասխա՛նը տա», - ասաց Փաշինյանը։

Այս օրինակը վարչապետը բերեց՝ ցույց տալու համար, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունները, թե ներկայիս իշխանությունները փորձում են Արցախի հողերը հանձնել, չեն համապատասխանում իրականությանը։

«Նրանք Հայաստանում քաղաքական գործունեություն վարելու հնարավորություն չունեն՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, նրանք հիմա միայն մի՛ բան ունեն անելու՝ կամավոր, թալանվածը կոպեկ-կոպեկ վերադարձնել բանակին, Զինված ուժերին, Արցախին, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի ժողովրդին և Հայաստանի ժողովրդին, և ժողովուրդը կքննարկի՝ ների նրանց, թե չների», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Սիսիանում էլ վարչապետն անդրադարձավ Լոռու մարզի Կուրթան գյուղում բնակվող 34-ամյա Մեխակ Առաքելյանի և իր միջև տեղի ունեցած միջադեպին, երբ տղամարդը մոտեցել էր ու խնդրել իր տան պայմանները բարելավել, ինչին էլ հաջորդել էր Փաշինյանի կտրուկ արձագանքը։

Պետության ղեկավարը հրապարակավ ներողություն խնդրեց կուրթանցուց։ «Ես երկու սխալ ուզում եմ խոստովանեմ, որ թույլ եմ տվել։ Առաջինը՝ ես գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակությունը, և թերագնահատել եմ էն հանգամանքը, որ քաղաքացին, քանի որ խոսում է վարչապետի հետ, կարող է կաշկանդվեր ասեր՝ «գիտե՞ս ինչ, ես իրականում առողջական լուրջ պրոբլեմներ ունեմ»։ Եվ ես էս իմ երկու սխալի համար ուզում եմ Մեխակից էլ Առաքելյան և ձեր բոլորից՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրել»։

Սիսիանից «Այո» ճակատը շարժվեց դեպի Գորայք համայնք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG