Մատչելիության հղումներ

Ջոզեֆ Բայդենը հերթական հաղթանակն է արձանագրում


ԱՄՆ - Նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Ֆիլադելֆիայում հավաքի ժամանակ, Փենսիլվանիա նահանգ, 10-ը մարտի, 2020թ.
ԱՄՆ - Նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Ֆիլադելֆիայում հավաքի ժամանակ, Փենսիլվանիա նահանգ, 10-ը մարտի, 2020թ.

Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը ևս մեկ քայլով մոտեցավ Դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածուի տիտղոսին: Նախօրեին միանգամից վեց նահանգներում կայացած ներկուսակցական ընտրությունների` փրայմերիների ընթացքում Բայդենը կրկին համոզիչ հաղթանակ տարավ:

Քվեների նախնական հաշվարկի համաձայն, ընտրություններին մասնակցած վեց նահանգներից առնվազն չորսում` Միչիգանում, Միսուրիում, Այդահոյում և Միսիսիպիում, Ջոզեֆ Բայդենն առաջ անցավ անկախ սենատոր Բերնի Սանդերսից:

Առավել համոզիչ էր Բայդենի հաղթանակը ԱՄՆ հարավում գտնվող Միսիսիպի նահանգում. այստեղ նախկին փոխնախագահը ստացավ դեմոկրատ ընտրողների ձայների 81 տոկոսը:

Միսուրիում Բայդենի օգտին էր քվեարկել դեմոկրատների 60, Միչիգանում` 52, իսկ Այդահոյում`48 տոկոսը:

Բայդենի համար, սակայն, առանցքային նշանակություն ուներ Միչիգանում արձանագրած հաղթանակը: Բանն այն է, որ դա փրայմերիների այս փուլին մասնակցած ամենախոշոր նահանգն էր, այստեղ են գտնվում շուրջ 4 միլիոն բնակչություն ունեցող արդյունաբերական Դեթրոյթ և Միացյալ Նահանգների համալսարանական կենտրոններից մեկը համարվող Էն Արբոր քաղաքները:

Դրան էլ գումարած, Դեմոկրատական կուսակցության` հուլիսին կայանալիք համագումարին, որտեղ վերջնականապես պետք է հրապարակվի նախագահության թեկնածուի անունը, Միչիգանը 125 պատվիրակ պետք է ուղարկի:

Հավելենք նաև, որ մինչև այս ընտրությունները, Միչիգանում բնակվող դեմոկրատներն աչքի էին ընկնում Բերնի Սանդերսի հանդեպ ունեցած առանձնահատուկ վերաբերմունքով: 2016-ին կայացած փրայմերիների ընթացքում, օրինակ, դեմոկրատ ընտրողների մեծամասնությունը` շուրջ 50 տոկոսը, գերադասել էր քվեարկել Բերնի Սանդերսի, այլ ոչ թե Հիլարի Քլինթոնի օգտին:

Ընտրությունների նախնական արդյունքներին ծանոթանալուց հետո առաջինը, ինչ արեց Ջոզեֆ Բայդենը, իր մրցակցին երախտագիտության խոսքեր ուղղելն էր:

«Ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Բերնի Սանդերսին և նրա աջակիցներին` ընտրարշավի ընթացքում ցուցաբերած անխոնջ էներգիայի և ավյունի համար: Մեր նպատակը նույնն է: Միասնաբար մեզ կհաջողվի հաղթել Դոնալդ Թրամփին», - հայտարարում էր Ջոզեֆ Բայդենը` դիմելով Ֆիլադելֆիայում հավաքված իր կողմնակիցներին:

Բայդենի խոսքով՝ արդեն առաջիկա ամիսներին, երբ վերջնականապես հստակեցվի, թե ով է լինելու Դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածուն, որ պայքարելու է նոյեմբերին կայանալիք ընտրություններում, հարկավոր է լինելու մոռանալ նախկինում արձանագրված տարաձայնությունները և միասնական ճակատ ձևավորել:

«Ես կարծում եմ, որ մեր երկիրը կկարողանա հաղթահարել Դոնալդ Թրամփի կառավարման չորս տարիների ընթացքում ծագած խնդիրները: Բայց եթե Թրամփն այս երկիրը ղեկավարի ութ տարի, ապա նա հիմնավորապես և ընդմիշտ կփոխի այս պետության բնույթը: Մենք չենք կարող նման բան թույլ տալ», - հայտարարում էր Ջոզեֆ Բայդենը:

Ինչ վերաբերում է Բայդենի մրցակցի թիմում տիրող տրամադրություններին, ապա դրանք առավել ցայտուն կերպով բնութագրում է հենց իր` Բերնի Սանդերսի պահվածքը:

Ընտրությունների առաջին արդյունքների հրապարակումից անմիջապես հետո Սանդերսը մեկնեց իր հայրենի Վերմոնթ նահանգ` ողջ գիշերվա ընթացքում որևէ հրապարակային ելույթով հանդես չգալով:

Փոխարենը՝ իր կրած պարտությունը Instagram-ի միջոցով ճանաչեց Սանդերսի ամենահավատարիմ աջակիցներից մեկը` Նյու Յորքից ընտրված կոնգրեսական Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը:

«Ես չեմ ցանկանում քաղցրացնել այսօրվա այս դառը դեղահաբը: Այս երեկոն շատ ծանր է մեր բոլորի համար, սա շատ ծանր գիշեր է մեր ողջ շարժման համար», - նշում էր Օկասիո-Կորտեսը:

XS
SM
MD
LG