Մատչելիության հղումներ

«Սուպերերեքշաբթիի» գլխավոր հերոսը Ջոզեֆ Բայդենն է


ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, Լոս Անջելես, Կալիֆորնիա, 3-ը մարտի, 2020թ.

Նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը դարձավ դեմոկրատական ներկուսակցական ընտրությունների հերթական փուլի`այսպես կոչված «Սուպերերեքշաբթիի» գլխավոր հերոսը:

Բայդենը հաջողության հասավ քվեարկությանը մասնակցած 14 նահանգներից առնվազն 9-ում: Շատերի համար դա անակնկալ էր, քանի որ նախկին փոխնախագահը փետրվարին երեք ոչ մեծ նահանգներում կայացած ներկուսակցական ընտրություններում ջախջախիչ պարտությունների շարք էր կրել և ընկալվում էր որպես ընտրարշավի գլխավոր անհաջողակ:

Երեկ, սակայն, Բայդենը կարողացավ առավելության հասնել այնպիսի խոշոր նահանգներում, ինչպիսին են Տեխասը, Մասաչուսեթսը և Մինեսոտան:

Ուշագրավ է, որ վերջին երկու նահանգներում Բայդենը որևէ քարոզչական շտաբ չուներ և չէր անցկացրել որևէ նախընտրական հանդիպում: Չնայած դրան, Մասաչուսեթսում նա 15 տոկոսով առաջ անցավ այդ նույն նահանգից ընտրված սենատոր Էլիզաբեթ Ուորենից:

«Մեր այս ընտրարշավը ստիպելու է Դոնալդ Թրամփին հավաքել ճամպրուկները: Մեր այս ընտրարշավը արտացոլում է մեր կուսակցությանը և մեր երկրին բնորոշ բազմազանությունը: Մենք պետք է միավորվենք: Մեր ցանկությունն է ոչ միայն հաղթել Դոնալդ Թրամփին, այլև Նենսի Փելոսիին վերընտրել Ներկայացուցիչների տան խոսնակի պաշտոնում: Մեր ցանկությունն է կրկին Սենատում մեծամասնություն ձեռք բերել: Եվ եթե ուզում եք ընտրել որևէ մեկին, ապա ընտրեք այն մարդուն, որ ողջ կյանքում դեմոկրատ է եղել», - հայտարարել է Բայդենը` ակնհայտորեն ակնարկելով փրայմերիներում իր գլխավոր մրցակցին` Վերմոնտից ընտրված սենատոր Բերնի Սանդերսին:

Բանն այն է, որ Սանդերսը թեև արդեն երկրորդ անգամ է ինչ մասնակցում է դեմոկրատական փրայմերիներին, այնուհանդերձ Կոնգրեսում հանդես է գալիս որպես անկախ սենատոր, իրեն բնութագրում է ոչ թե որպես դեմոկրատ, այլ դեմոկրատական սոցիալիստ:

Սանդերսի համար անցած գիշերը լավագույններից չէր: Նրա ամենավառ հաջողությունը Կալիֆորնիայում էր, որտեղ նրա օգտին քվեարկեց դեմոկրատ ընտրողների ավելի քան 30 տոկոսը:

«Երբ մեկնարկեց մեր նախագահական ընտրարշավը, բոլորն ասում էին, որ հաջողության հասնելն անհնարին կլինի: Բայց ես այժմ ձեզ ամենայն վստահությամբ եմ ասում` մենք հաղթելու ենք դեմոկրատական ներկուսակցական ընտրություններում, իսկ հետագայում նաև պարտության ենք մատնելու այս երկրի պատմության ամենավտանգավոր նախագահին», - հայտարարում էր Սանդերսը:

«Սուպերերեքշաբթիի» գլխավոր անհաջողակը, սակայն, Նյու-Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգն է: Չնայած վերջին երեք ամսում քարոզարշավի վրա արված աննախադեպ ծախսերին` շուրջ 600 միլիոն դոլար, Բլումբերգը 14 նահանգներից և ոչ մեկում չկարողացավ լուրջ հաջողության հասնել: Միայն ԱՄՆ անդրծովյան տարածք համարվող Սամոա կղզում էր, որ Բլումբերգը կարողացավ հաղթանակի հասնել:

Փրայմերիներում կրած պարտության մասին Բլումբերգն ու նրա թիմակիցները տեղեկացան Ֆլորիդայում` փորձելով շատ թևաթափ չլինել:

«Արդյունքները դեռ ստացվում են, սակայն մեկ բան արդեն իսկ հստակ է՝ կարևոր չէ, թե մենք Դեմոկրատական կուսակցության առաջիկա համագումարում քանի պատվիրակի տեղ ենք այսօր շահել: Կարևորն այն է, որ ընդամենը երեք ամսում մեկ տոկոս վարկանիշ ունեցող թեկնածուից վերածվեցինք դեմոկրատների միասնական թեկնածու դառնալու իրական հավակնորդի», - հայտարարում էր Բլումբերգը:

XS
SM
MD
LG