Մատչելիության հղումներ

Բելառուսի նախագահը պատրաստվում է դիմել Միացյալ Նահանգների օգնությանը


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստվում է դիմել ամերիկացիների օգնությանը` Ռուսաստանից Բելառուսի էներգետիկ կախվածությունը նվազեցնելու նպատակով: Այդ մասին նա հայտարարեց նախօրեին Մինսկում կայացած խորհրդակցության ժամանակ:

«Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից շատ լուրջ հայտարարություններ և մտադրություններ հնչեցվեցին: Այդ մասին ես խոսեցի ԱՄՆ պետքարտուղարի հետ: Նրանք պատրաստ են oգնել մեզ նավթի մատակարարումների և ենթակառույցների [ստեղծման] հարցում: Փոմփեոն ինքը մեզ նավթ առաջարկեց մրցակցային գներով: Տեսաք նաև, որ Մյունխենի համաժողովի ընթացքում ամերիկացիները հայտարարեցին, թե մեկ միլիարդ դոլար են հատկացնում նավթամատակարարումների համար անհրաժեշտ ենթակառույցների ստեղծման համար: Մենք ևս կարող ենք ակնկալել, որ ամերիկացիներից շատ էժան վարկեր կստանանք բալթիական այդ դժբախտ խողովակաշարը կառուցելու նպատակով», - ասում էր Բելառուսի նախագահը:

Ալեքսանդր Լուկաշենկոյի համոզմամբ՝ բալթիական նավահանգիստներից բելառուսական նավթամշակման գործարաններ եկող նավթամուղերի կառուցումը պետք է դառնա Բելառուսի կառավարության առաջնահերթությունը: Լուկաշենկոն, սակայն, պնդում է, որ իր ենթականերն այդ հարցում թերանում են, առավել ևս, որ խոսքը ոչ թե մեծ ծավալների շինարարության, այլ մի քանի արդեն գոյություն ունեցող և այժմ անգործության մատնված խողովակաշարերը վերանորոգելու և իրար միացնելու մասին է:

«Կառավարությունը պատրաստվում է 100-կիլոմետրանոց խողովակաշարը ոչ ավել, ոչ պակաս՝ երեք տարի կառուցել: Առավելագույնը մեկուկես-երկու տարի պետք է տևի շինարարությունը: Խողովակաշարերի այդ միացումների համար անհրաժեշտ 100-120 միլիոն դոլարն էլ մենք ինքներս կհայթայթենք: Պարզապես պետք է տեղից շարժվել», - հայտարարում էր Լուկաշենկոն` դիմելով կառավարության անդամներին:

Նրա խոսքով՝ այս բոլոր քայլերի արդյունքում արդեն մի քանի տարի հետո Բելառուսը կկարողանա սահմանափակել ռուսական նավթի ծավալը ներքին շուկայում: Մինսկը, այդուհանդերձ, նպատակ չունի ամբողջությամբ հրաժարվել Ռուսաստանում արդյունահանված նավթի ներկրումից, վստահեցնում էր Լուկաշենկոն:

«Նավթի 40, գուցե 50 տոկոսը մենք կշարունակենք գնել Ռուսաստանում, եթե նրանք, իհարկե, ցանկանան: Դա տեղի կունենա, երբ մենք վերջնականապես դիվերսիֆիկացնենք մեր շուկան: Դրանից հետո մեզ անհրաժեշտ նավթի 30 տոկոսը կգնենք բալթյան պետություններում, ևս 30 տոկոսը՝ Օդեսայից: Այդ դեպքում մենք կունենանք նավթի երեք աղբյուր, դա նավթի ներկրումների առումով լիակատար դիվերսիֆիկացում կնշանակի», - նշում էր Բելառուսի նախագահը:

XS
SM
MD
LG