Մատչելիության հղումներ

Բելառուսի նախագահը կրկին քննադատում է Եվրասիական միությունը


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին քննադատում է Եվրասիական միությունն ու դրա անդամ պետություններին` այս կառույցի, իր բնորոշմամբ, անմխիթար վիճակի համար:

«Այն ազատությունները, որ մենք ժամանակին հռչակել էինք, այսօր գործնականում գոյություն չունեն: Կամ էլ կան, բայց ոչ ամբողջական ծավալով, մեղմ ասած: Ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժը մեր միության ստեղծման հիմքն է: Բայց արի ու տես, որ մինչ օրս մենք դրան չենք էլ հասել: Գիտե՞ք ինչու», - դիմելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Բելառուսի նախկին վարչապետ Միխաիլ Մյասնիկովիչին՝ հարցնում էր Լուկաշենկոն, ինքն էլ պատասխանելով իր իսկ հարցին՝ «պոֆիգիզմը»:

Դրա մեղավորն էլ, ըստ Լուկաշենկոյի, ԵԱՏՄ անդամ պետություններն են, որոնց, մեծ հաշվով, միևնույն է այս դաշինքի ճակատագիրը:

«Մյուս պետությունները իրենց այլ միության կազմում են տեսնում, ուղղակի ծվարել են ԵԱՏՄ-ում և հազիվ են շարժվում` հարմար պահի սպասելով, որ դուրս թռչեն», - պնդում էր Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոյի խոսքով, ի դեպ, Եվրասիական տնտեսական միությունը, միտված լինելով անդամ պետությունների միջև առևտրային սահմանափակումների վերացմանը, իրականում զարգանում է տրամագծորեն հակառակ ուղղությամբ:

«14 բացառություն, 37 սահմանափակում և 15 [պաշտպանիչ] պատնեշ գոյություն ունի այսօր ԵԱՏՄ-ում: Դրանք վաղուց պետք էր վերացնել, հակառակ պարագայում հարց է ծագում` ո՞րն է այս միության իմաստը, ի՞նչն է մեզ պահում այդ միության կազմում, եթե շուրջբոլորը միայն սահմանափակումներ են, պատնեշներ ու բացառություններ», - հռետորական հարցերի շարքը շարունակում էր Լուկաշենկոն` մեկ անգամ ևս խիստ քննադատության ենթարկելով Ռուսաստանի իշխանություններին:

«Մենք ինչպես միշտ շարունակում ենք ինտեգրման, իրական ինտեգրման կողմնակից մնալ, որը ստիպողաբար չպետք է իրականացվի: Այժմ ԵԱՏՄ-ում նոր տերմին է հայտնվել` «ինտեգրման պարտադրում», և չգիտես ինչու այդ պարտադրումը սկսվել է Բելառուսից: Ժամանակին, երբ մենք այս հարցերը քննարկում էինք Բորիս Ելցինի հետ, խոսում էինք իրական ինտեգրման մասին, որի արդյունքում, սակայն, որևէ մեկն իր ինքնիշխանությունը և անկախությունը չպետք է կորցներ: Իսկ երբ հարստացանք, հատկապես Ռուսաստանը, ի հայտ են եկել այս անհասկանալի քաշքուկը, աղմուկը և ինտեգրման պարտադրումը», - նշում էր Լուկաշենկոն:

XS
SM
MD
LG