Մատչելիության հղումներ

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է ավելի շատ լինել, քան պաշտոնական տվյալներն են


Իրան - Թեհրանի հիվանդանոցներից մեկում բուժում են կորոնավիրուսով վարակվածին, 1-ը մարտի, 2020թ.

Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է նոր կորոնավիրուսից մահվան ևս 12 դեպքի մասին, մահացածների ընդհանուր թիվը հասել է 66-ի, վարակվածներինը՝ 1501-ի:

Փորձագետները նշում են, որ Իրանում մահացությունը վարակից շուրջ 5,5 տոկոսով բարձր է մյուս երկրներից, ենթադրելով, որ Իրանում վարակվածների թիվը կարող է ավելի շատ լինել, քան ցույց են տալիս պաշտոնական տվյալները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) խումբ է ժամանել Թեհրան՝ աջակցելու կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարին:

Ավելի վաղ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան Իրանին առաջարկել էին «նյութական և ֆինանսական աջակցության փաթեթ» ՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար:

Իտալիայից վերադարձած Ռուսաստանի քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը, ինչի կապակցությամբ նրա հետ շփված 24 անձինք Մոսկվայում հոսպիտալացվել են, ևս 83-ը տնային կարանտինում են գտնվում:

Իտալիայում մահացածների թիվը հասել է 52-ի, վարակվածների թիվը գերազանցել է 2 հազարը:

Հարավային Կորեայում վերջին մեկ օրվա ընթացքում ևս երեք մարդ է զոհվել, վարակվածների ընդհանուր թիվը 4 հազար 812 մարդ է:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Ֆինլանդիա պաշտոնական այցի ընթացքում այդ երկրի ղեկավարության հետ կքննարկի կորոնավիրուսի վարակի բռնկումը և սիրիական հակամարտությունը։

Հայաստանում, հիշեցնենք, կորոնավիրուսի վարակի հաստատված առայժմ մեկ դեպք կա:

XS
SM
MD
LG