Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսը տարածվում է, սակայն պանդեմիա չի համարվում


Բժշկական սարքավորումներ արտադրող հիմնարկ, Հուաջան, Յանչժուի նահանգ, Չինաստան, 28 փետրվարի, 2020թ.

COVID-19 տեսակի կորոնավիրուսի (թագավարակի) աշխարհագրությունն ընդարձակվում է, այն ներառում է մոլորակի բոլոր մայր ցամաքները, բայց Առողջապահության համաշխարհային կազմակորպությունը նշում է, որ դեռ պետք չէ խոսել գլոբալ համաճարակի՝ պանդեմիայի մասին:

Կիրակի ժամը 24:00-ի դրությամբ աշխարհում հաստատվել է թագավարակի ավելի քան 86 հազար դեպք, դրանցից 79 հազար 824-ը Չինաստանում, որտեղ էլ, ըստ գիտնականների, ծագել է COVID-19-ը:

Չինաստանում թագավարակից մահացել է 2870 մարդ, աշխարհում թագավարակը գրանցվել է առնվազն 63 պետություններում: ԱՄՆ-ում երկրորդ հիվանդն է մահացել: Ընդհանուր հաշվով աշխարհում զոհերի թիվը մոտ 3 հազար է:

Հայաստանի հարևան Իրանում, ըստ այդ երկրի առողջապահության նախարարության, հիվանդների թիվը հասել է 1501-ի, մահացել է 66 մարդ:

Չինաստանում շարունակում են վարակի դեմ ագրեսիվ համակարգված պայքարը:

«Մենք փորձում ենք հնարավորինս վաղ շրջանում բացահայտել դեպքերը, ախտահարվածների կարանտինն ապահովել և սկսել բուժումը», - ասել է մաքսային ծառայության առողջապահության և կարանտինի բաժնի տնօրեն Լին Վեյը:

Չինաստանի իշխանույթունները համոզված են, որ իրավիճակը հսկողության տակ է:

«Վիրուսով նոր դեպքերի գրանցումը շարունակվում է, միևնույն ժամանակ հիվանդանոցներից դուրս գրվողների թիվը 52 տոկոսից բարձր է: Բուժման արդյունավետությունն ապացուցվում է», - ասել է Չինաստանի առողջապահության հանձնաժողովի խոսնակ Մի Ֆենը:

Չինաստանի նախագահ Սի Ծինպինն այսօր Պեկինում այցելել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա աշխատող, ինչպես նաև դիագնոստիկայի և բուժման նոր մեթոդներ ստեղծող երկու գիտական կենտրոն՝ Ռազմական բժշկական գիտությունների ակադեմիա և Ցինգուա համալսարանի բժշկական ինստիտուտ:

Նախագահը հույս է հայտնել, որ մասնագետները հնարավորինս կարճ ժամանակամիջոցում կկարողանան ստեղծել արդյունավետ պատվաստանյութեր:

Չինաստանը հայտնել է, որ պատրաստ է մասնագիտական օգնություն տրամադրել Իրանին և Իտալիային:

Արտգործնախարարության խոսնակ Ժաո Լիջիանը ցավակցություն է հայտնել այդ երկու երկրների իշխանություններին կորոնավիրուսից մեծ թվով մարդկանց մահանալու կապակցությամբ:

«Չինաստանի Կարմիր խաչի կազմակերպությունից հինգ փորձագետներ փետրվարի 29-ին մեկնել են Իրան, որտեղ պատկան կառույցների հետ քննարկում են վարակը զսպելու և հսկողության տակ առնելու հարցը», - ասել է խոսնակը:

Միայն Չինաստանում հիվանդանոցներից արդեն դուրս է գրվել 41 հազար 625 մարդ, ապաքինվողների թիվը մեծ է նաև այլ երկրներում:

XS
SM
MD
LG