Մատչելիության հղումներ

Հարգանքի տուրք` Մարտի 1-ի զոհերի հիշատակին


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում Մարտի 1-ի զոհերի հիշատակին, 1 մարտի, 2020թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հարգանքի տուրք մատուցեց 2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհված տասը քաղաքացիների հիշատակին: Արարողությանը մասնակցեցին նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, բազմաթիվ քաղաքացիներ, ինչպես նաև Մարտի 1-ի զոհերի հարազատները:

Զոհերից 18-ամյա զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը` Ռուզաննա Հարությունյանը, լրագրողների հետ զրույցում ասաց՝ իր միակ ցանկությունն է, որ բոլոր մեղավորները պատժվեն. - «Ի՞նչն է շատ վիրավորական, որ պարոն Քոչարյանը հիշում ու ամեն անգամ ասում է` պետք է ցավակցել Համլետ Թադևոսյանին, բայց ինքը չի հիշում, որ եթե ախր Համլետ Թադևոսյանը զինվոր էր, աֆիցեռ էր, իմ տղան էլ էր ախր զինվոր, նա էլ սերժանտ էր արդեն: Ուղղակի դա շատ ինձ վիրավորում էր, ես այնտեղ էլ ասացի, ասացի` չհասկացանք, եթե դու հիշում ես Համլետ Թադևոսյան անունը, բա Տիգրան Աբգարյան անունն ինչո՞ւ չես հիշում, չէ՞ որ նա էլ էր քո զինվորը, նա էլ էր քո հրամանի տակ կանգնած»:

2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի «Ազատության» հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

2008-ին նախագահական ընտրությունները կեղծված հայտարարած և հետընտրական ցույցերն առաջնորդած նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները ևս այսօր Մյասնիկյանի արձանի մոտ էին: ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց` թավշյա հեղափոխությամբ ստեղծվեց մի իրավիճակ, երբ հնարավոր կլինի ակնկալել արդարադատություն:

«Լավ կլինի, որ նաև բացահայտվեն կոնկրետ կատարողները, իսկ դա ես կարծում եմ` ստեղծված իրավիճակում հնարավոր կլինի այն ժամանակ, երբ արդեն ստեղծվի բոլորի մոտ անխուսափելի տպավորություն, որ արդարադատությունը կայանալու է, որ այս հանցագործությունն անպատիժ չի մնալու: Քանի դեռ փայփայում են հույսեր, որ Եվրոպական դատարանի միջոցով, Սահմանադրական դատարանի միջոցով, այլ և այլ ձգձգումների, քաղաքական իրավիճակների փոփոխությունների շնորհիվ կարելի է հասնել մի իրավիճակի, որ արդարադատությունը չի իրականացվի, այդքան ժամանակ շատ դժվար է լինելու կոնկրետ կատարողներին գտնելը», - ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:

Նկատենք, այսօր նախատեսված էր արդեն ավանդական դարձած երթ` ի հիշատակ Մարտի 1-ի զոհերին հիշատակին: Բայց իշխող կուսակցության վարչության նիստից հետո առավոտյան որոշվեց չեղարկել այն, քանի որ Հայաստանում գրանցվել էր կորոնավիրուսի առաջին դեպքը:

Այսօր «Ազատությունը» Փաշինյանից հետաքրքվեց՝ կարող է արդյո՞ք ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի գործընթացն ինչ-որ կերպ խաթարվել Հայաստանում գրանցված կոնորավիրուսի պատճառով: Վարչապետը հարցերին չպատասխանեց:

2020 թվականին նախատեսվում է Երևանում տեղադրել Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, որի հեղինակը Ալբերտ Վարդանյանն է: Արձանը կկոչվի «Ազդեցություն և հակազդեցություն»: Այս անունն այնքան էլ միանշանակ չէին ընդունել Մարտի 1-ի զոհերի հարազատները, ովքեր վարչապետին հայտնեցին իրենց մտահոգությունը:

«Լավ, կնայենք», - կարճ պատասխանեց վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG