Մատչելիության հղումներ

Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսի առաջին դեպքը


COVID-19 կորոնավիրուսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում տեղադրած գրառմամբ հայտնել է Հայաստանի տարածքում նոր կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքի մասին։

«Սիրելի հայրենակիցներ, մոտ երկու ժամ առաջ կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք՝ ցավոք։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից»,- գրել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ, տղամարդն ինքն է դիմել բժշկի, նա հիմա լավ վիճակում է։ Ուներ ջերմություն, սակայն հիմա չունի։

«Նախնական թեսթը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երևանի ժամանակով գիշերը ժամը երեքին»,- հայտնում է վարչապետը։

Նա նշել է, որ պացիենտի հետ շփում ունեցած բոլոր մարդիկ կվերցվեն հսկողության տակ։

Այդ լուրը հաստատել է նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մոտ 2 ժամ առաջ, կրկնակի քննությամբ հաստատվեց նոր կորոնավիրուսի առկայությունը Իրանից ժամանած մեր քաղաքացու մոտ»,- Ֆեյսբուքում գրել է նախարարը և հայտնել, որ դեպքի մանրամասները և ձեռնարկված միջոցառումները կներկայացնի ժամը 12:00-ին առողջապահության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսում։

Վարչապետը բնակչությանը դիմել է հանգստություն պահպանելու և միայն կառավարության ու պաշտոնական մարմինների կողմից տարածվող լուրերին վստահելու կոչով, ընդգծելով, որ հարկ է կիրառել վարակի տարածումը կանխարգելող՝ Առողջապահության նախարարության կողմից խորհուրդ տրվող միջոցները։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փոխանցմամբ, փետրվարի 29-ի դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 85 հազար 403 հաստատված դեպք, դրանցից 79 հազար 394-ը՝ Չինաստանում:

Վարակը գրանցվել է 53 երկրներում (ԱՀԿ-ի վերջին զեկույցում Հայաստանը ներառված չէ)։

Չինաստանում մահացել է 2 հազար 838 մարդ, Չինաստանի սահմաններից դուրս՝ 86։

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ, կորոնավիրուսով ախտահարված 41 հազար 825 հիվանդ ապաքինվել է։

Առավել մանրամասն տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG