Սլովակիայում այսօր համապետական ընտրություններ են՝ առաջինը հետաքննող լրագրող Յան Կուցիակի սպանությանը հաջորդած կառավարության հրաժարականից և կոռուպցիայի դեմ զանգվածային ցույցերից հետո:
Շուրջ 4 միլիոն քաղաքացիներ ընտրում են 150 պատգամավորական մանդատ ունեցող խորհրդարան, որի համար պայքարում է ավելի քան երկու տասնյակ քաղաքական ուժ:
Ընտրողների շրջանում վերջին հարցումների արդյունքները վկայում են, որ գործող վարչապետ Պետեր Պելեգրինիին չի հաջողվի մեծամասնություն կազմել: Փոխարենը աճում է ծայրահեղ աջակողմյան ուժի՝ «Մեր Սլովակիան» ժողովրդական կուսակցության վարկանիշը, որը ցանկանում է է՛լ ավելի սահմանափակել փախստականների ներհոսքը և ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել գնչու փոքրամասնության նկատմամբ:
2018 թվականին սլովակ լրագրող Յան Կուցիակի և նրա հարսնացուի սպանությունը երկրում ներքաղաքական ճգնաժամի, բողոքի բազմահազարանոց ցույցերի տեղիք է տվել, որոնց հետևանքով վարչապետը, ներքին գործերի նախարարը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարական են տվել:
27-ամյա Կուցիակը հետաքննում էր Սլովակիայի քաղաքական վերնախավի և իտալական մաֆիայի միջև հանցավոր կապերը: