Մատչելիության հղումներ

Լավրովը գարնանը չի ժամանի Թբիլիսի


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն առաջիկա գարնանը Թբիլիսի չի ժամանի:

Ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարի հնարավոր այցի մասին լուրերը սկսեցին շրջանառվել նախորդ տարեվերջին, երբ Վրաստանը կես տարով ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախագահությունը: Կազմակերպության կանոնադրության համաձայն՝ Եվրոպայի խորհրդի նախագահությունը ստանձնած յուրաքանչյուր պետություն իր տարածքում հյուրընկալում է Արտաքին գործերի նախարարների խորհրդի հավաքը` պարտավորվելով ապահովել բոլոր անդամ պետությունների պատվիրակությունների անխափան մասնակցությունը:

Եվրոպայի խորհրդի նախագահող պետությանը ներկայացվող այս պահանջի պատճառով Վրաստանի իշխանությունները հայտնվեցին բավական երկիմաստ դրության մեջ:

Մի կողմից՝ պաշտոնական Թբիլիսին Եվրոպայի խորհրդում իր նախագահությունն ընկալում էր որպես լուրջ դիվանագիտական հաղթանակ, որը մեկ անգամ ևս վկայում է երկրի աշխարհաքաղաքական առաջնահերթությունների և ընտրած ուղու մասին: Մյուս կողմից, սակայն, Թբիլիսիում դեռ թարմ էին հունիսյան ճգնաժամի մասին հիշողությունները, երբ Ուղղափառ երկրների խորհրդարանական վեհաժողովի մասնակիցներից մեկի` ռուսաստանցի պատգամավոր կոմունիստ Գավրիլովի պահվածքը լայնածավալ բողոքի ակցիաների և ներքաղաքական ճգնաժամի հանգեցրեց:

Բացի այդ, Վրաստանում արդեն շուրջ տասը տարի է ինչ գործում է «Օկուպացված տարածքների մասին» օրենքը, որի համաձայն՝ երրորդ պետության ցանկացած քաղաքացի Աբխազիա և Հարավային Օսիա կարող է մուտք գործել բացառապես Վրաստանի հատուկ թույլտվությամբ: Սերգեյ Լավրովը, մինչդեռ, վերջին 12 տարիներին բազմիցս այցելել է Սուխումի և Ցխինվալի, բնականաբար՝ առանց վրացական իշխանությունների թույլտվության: Նման պայմաններում վրացական իշխանությունները, սեփական օրենսդրության պահանջներից ելնելով, պարտավոր էին Լավրովին կամ ժամանելուն պես արտաքսել երկրից, կամ էլ նրա դեմ քրեական գործ հարուցել:

Դիվանագիտական ճգնաժամի հնարավորությանը գումարվում էր նաև ներքաղաքական բարդությունների հեռանկարը: Վրացական ընդդիմությունը հայտարարել էր, որ Ռուսաստանի արտգործնախարարի այցը հանգեցնելու է նոր բողոքի ակցիաների:

Երեկ, սակայն, Եվրոպայի խորհուրդը մի քանի շաբաթ շարունակված կուլիսային քննարկումներից հետո ի վերջո հանգուցալուծեց այս խնդիրը` զրկելով Վրաստանին նախարարների հավաքն իր տարածքում անցկացնելու իրավունքից: Այդ մասին նույն օրը Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին: Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները, հաշվի առնելով ստեղծված բարդությունները, դեմ չէին, որպեսզի նախարարների հավաքը Թբիլիսիից տեղափոխվի մեկ այլ քաղաք:

«Որպես նախագահող պետություն մենք հստակ պարտավորություն էինք ստանձնել, որը վերաբերում էր Նախարարների խորհրդի նիստը Եվրոպայի խորհրդի կանոնադրությանը համապատասխան անցկացնելուն: Մյուս կողմից՝ մենք պետք է խուսափեինք նաև մեր ազգային օրենսդրության ոտնահարումից: Հասկանում եք, որ խոսքը Ռուսաստանի Դաշնության մասնակցության մասին էր: Մենք մի շարք խորհրդակցություններ անցկացրեցինք Եվրոպայի խորհրդի ղեկավարության հետ և ի վերջո մեր գաղափարը, ըստ որի Նախարարների խորհրդի նիստը հարկավոր է կազմակերպել ոչ թե Թբիլիսիում, այլ Ստրասբուրգում, լիակատար հավանության արժանացավ», - հայտարարում էր Վրաստանի արտգործնախարարը։

«Նշեմ, որ սա աննախադեպ քայլ չէ: Նախկինում ևս դեպքեր եղել են, երբ Եվրոպայի խորհրդի նախագահող պետությունները նախարարների հավաքը հյուրընկալել են Ստրասբուրգում», - ասաց Զալկալիանին:

XS
SM
MD
LG