Մատչելիության հղումներ

Աշոտ Ղուլյան. Արցախյան այս ընտրություններին վարչական ռեսուրսը միաբևեռ չի լինելու


Մարտի 31-ին Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են։ «Ազատության» զրուցակիցն է նախագահի թեկնածու, Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

«Ազատություն». – Դուք ասում եք, որ երկրում իրավիճակը բարեհաջող չի կամ վատ է, պետք են փոփոխություններ։ Բայց դուք եք եղել իշխանության մեջ, ինչո՞ւ չէիք փոխում։

Ղուլյան. - Տարբեր կողմերից ենք մենք մոտենում նույն խնդրին։ Ոմանց համար դա լավ չէ և անպայման պետք է փոխել։ Մի մասի համար դա լավ չէ, բայց դրա համար որոշակի պատճառներ կան։ Մյուս մասի համար դա պարզապես ժամանակի խնդիր է, ժամանակի հրամայական է։ Եթե նույնիսկ լավ լիներ, ապա այնպիսի աշխարհաքաղաքական իրավիճակում, որում մենք ենք գտնվում, այնպիսի տարածաշրջանում, որի մեջ մենք ունենք հարևանություն, անընդհատ, ամեն տարի ինչ-որ մի բան պետք է փոխել, պետք է կատարելագործել, պետք է սպառազինությունների մակարդակը ավելացնել, պետք է ամրացնել մեր սահմանները։ Ես չեմ բացառում և երբեք էլ չեմ խուսափել այդ պատասխանատվությունից, բայց կարծում եմ, Արցախի Հանրապետության պարագայում նաև դրական բաները պակաս չեն։ Այսինքն հենց դա է թույլ տալիս այսօր մեզ խոսել առաջիկա փոփոխությունների մասին։ Անհնար է խոսել ինքնորոշման իրավունքի մասին, ժողովրդի ազատության մասին, ժողովրդի անկախության մասին, և երկիրը ժողովրդավարական չլինի։

«Ազատություն». – Երբ որ մենք խոսում ենք Արցախում ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, իրենք մտավախություն են հայտնում, ահազանգ են հնչեցնում, ասուն են, որ վարչական ռեսուրս է կիրառվում, ընտրակաշառքի դեպքեր կան։ Դուք նման խնդիրներ տեսնո՞ւմ եք։

Ղուլյան. - Իհարկե տեսնում եմ։ Ես չեմ կարող ասել ընտրակաշառք է բաժանվում, բայց այն, որ վաղուց, չակերտներում ասենք թե առանց չակերտների, քարոզչական աշխատանք է տարվում, և բնակչությունը լրիվության ընկղմված է քաղաքական ընտրության մեջ... ոչ թե զուտ քաղաքական գործընթաց է, այլ արդեն մարդկանց հետ առանձին աշխատանք է տարվում՝ ով ում կողմից կարող է լինել։ Սա միանշանակ է։

«Ազատություն». - Երբ որ ես ասում եմ ընդդիմադիր գործիչները խոսում են ընտրակաշառքի մասին, խոսում են վարչական ռեսուրսի կիրառման մասին, Դուք ասում եք՝ ես էլ եմ նման խնդիր տեսնում։ Այսինքն Դուք գիտեք, լսել եք, տեղյակ եք, որ ընտրակաշառք է բաժանվում, կամ վարչական ռեսուրսը իշխանությունը փորձում է օգտագործել ի շահ մեկ թեկնածուի. սա՞ ի նկատի ունեք։

Ղուլյան. – Ես վարչական ռեսուրսի մասով չեմ ուզում այդ պնդում անել, որ արդեն իսկ օգտագործվում է, թեկուզ չեմ բացառում։ Ժամանակը ցույց կտա։ Բայց կարծում եմ, որ նույնիսկ վարչական ռեսուրսը այս ընտրությունների միաբևեռ չի լինելու, կամ միակարծիք չի լինելու։ Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, այստեղ շատ դժվար է խիստ տարբերակում անել և գնահատականը տալ։ Եթե մենք ունենք կոնկրետ դեպքեր, իսկ ես կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտի գործիչները և ուժերը շատ ավելի շահագրգռված պիտի լինեն, եթե կան այդպիսի կոնկրետ փաստեր, անպայման պետք է դրանք ներկայացնել համապատասխան ընթացքավորման։ Եթե այսպիսի փաստեր ունենանք մենք, ես մեկ րոպե չեմ վարանի դրանք ներկայացնել։ Եվ կարծում եմ, այդպես էլ կլինի։

«Ազատություն». – Դուք զգո՞ւմ եք, որ Հայաստանի իշխանությունները սատարում են կամ փորձում են սատարել այս կամ այն թեկնածուներին, կամ երկու թեկնածուներին միաժամանակ։

Ղուլյան. – Դա երևի ճիշտ կլինի հարցնեք Հայաստանի իշխանություններին, որովհետև ես հակված եմ ընդունել Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը առաջին հերթին շահագրգռված է, որպեսզի Արցախում տեղի ունենան ազատ, արդար և մրցակցային ընտրություններ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG