Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյան. «Արցախյան ընտրություններում վարչապետ Փաշինյանը ոչ մեկին չի աջակցում»


Արցախյան ընտրություններում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ մեկին չի աջակցում, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ազատություն». – Դուք 18 թվականին հրաժարական ներկայացրիք և հիմա ի՞նչ կարող եք ասել, ի՞նչ գնահատական կարող եք հնչեցնել, եթե գալիս եք ինչ-որ բան փոխելու երկրում, տրամաբանական է ենթադրել, որ դժգոհ եք, ի՞նչ գնահատական կարող եք հնչեցնել Բակո Սահակյանի նախագահության հետ կապված։

Հարությունյան. – Բակո Սահակյանի նախագահության ամուր գործունեության համար «Ազատ Հայրենիք» կուսակցությունը պատասխանատվություն է կրում՝ և՛ ձեռքբերումների, և՛ սխալների։ Մենք միշտ դրա մասին հայտարարել ենք, բայց այն, որ մենք գալիս ենք փոփոխության և էվոլյուցիոն փոփոխության, դա միանշանակ է, կյանքն ինքն է պարտադրում փոփոխություններ կատարելու և՛ կառավարման համակարգում, և՛ կառավարման մոդելում, և՛ վերաբերմունքում և ընդհանուր առմամբ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում։ Մենք հեղափոխական-սոցիալական ծրագրերի մասին ենք խոսում այսօր, բայց այդ երբևէ չի արտահայտվել ընդհուպ իմ վարչապետության ժամանակ, որովհետև մենք դրա հնարավորությունը չունեինք, որովհետև տնտեսությունը փոքր էր, բյուջետային հնարավորությունները՝ սահմանափակ։ Այսօր համարձակ հայտարարում ենք, որ, այո, մենք ի վիճակի ենք տնտեսական աճ ապահովելով ավելացնել պետական բյուջեի հնարավորությունները և ուղղել մեր սոցիալական այն ծրագրերին, որը մտահոգում է մեր հայրենակիցներին։

«Ազատություն». – Կա՞ն ինչ-որ հարուստ կամ ազդեցիկ մարդիկ, ովքեր աջակցում են ձեզ, ովքեր օգնում են ձեր կուսակցությանը, ինչու ոչ՝ ֆինանսավորում են։

Հարությունյան. – Ոչ, որևէ մեկը չի օգնում, որովհետև մենք ունենք անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները կուսակցության և նաև իմ կողմից, որովհետև ես իմ եկամուտներն ամեն տարի հայտարարագրում եմ և այդ հնարավորություններն ունեմ և որևէ մեկի աջակցության կարիքը չունեմ։

«Ազատություն». – Հայաստանի իշխանությունները աջակցո՞ւմ են Ձեզ։

Հարությունյան. – Ես չեմ ասի, որ Հայաստանի իշխանությունները որևէ մեկին աջակցում են։ Հայաստանի իշխանություններն ընդամենը հայտարարել են, որ շահագրգռված են մրցակցային և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առումով, և այդ մենք արդեն տեսնում ենք, որ կա՝ մրցակցային կա, ժողովրդավարական կա, մնում է այս իրականությունը պահել մինչև վերջ։ Իսկ աջակցություն ի՞նչ է նշանակում, ունեմ ջերմ հարաբերություններ բոլորի հետ անխտիր, մենք շփումներ ենք ունեցել Երևանում բոլոր քաղաքական ուժերի պառլամենտում ներկայացված հանդիպումների ժամանակ, բայց ինքս ես չեմ թաքցրել, որ հանդիպում եմ, այո, անհրաժեշտության դեպքում նաև ղեկավարության հետ։

«Ազատություն». – Դուք զգո՞ւմ եք, որ վարչապետը Ձեզ աջակցում է, թե՞ ոչ։

Հարությունյան. – Վարչապետը ոչ մեկին չի աջակցում, վարչապետը շահագրգռված է, և երբևէ ինքը չի ասել, որ որևէ մեկին աջակցում է, ինքը միշտ հայտարարել է՝ մրցակցային, ժողովրդավարական ընտրություններ։

«Ազատություն». – Ձեր ընդդիմախոսները, քննադատները մեղադրում են, ասում են՝ Արայիկ Հարությունյանի թիմակիցները, Արայիկ Հարությունյանին սատարող քաղաքական ուժը զբաղված է ընտրակաշառքներ բաժանելով, ասում են, որ գործադիր իշխանությունը վարչական ռեսուրս է օգտագործում հօգուտ Արայիկ Հարությունյանի, ի՞նչ կարող եք ասել այս քննադատություններին։

Հարությունյան. – Օգնությունը ե՞րբ է դիտվում կաշառք, եթե մարդու կյանքը փրկում ես, եթե մարդուն հնարավորություն ես ստեղծում բուժման, սա կաշա՞ռք է, չգիտեմ։ Արցախում երբևէ ընտրություններին կաշառք չեն բաժանել՝ ընտրաձայներ ստանալու առումով, և ականատեսն եք լինելու և կխնդրեմ այցելեք մեր գրասենյակները և կտեսնեք։ Ինչ վերաբերում է վարչական ռեսուրսին, ես այդ կարծիքին չեմ։

«Ազատություն». – Այն օգնությունը, որը Դուք տրամադրում եք՝ նշեցիք, որ հանգստանալու հետ կապված և այլն, և Ձեզ էլ են քննադատում, այդ ժամանակ զուգահեռ Ձեր քարոզը, Ձեր ղեկավարած ուժի քարոզը չի՞ արվում։

Հարությունյան. – Ոչ, ոչ, ոչ, երբևէ։ Բազմաթիվ անգամ ես կոչ եմ արել և խնդրել եմ այն մարդկանց երբևէ, որ օգնել ենք, կոնկրետ ես իմ հնարավորություններից ելնելով, ուղղակի խնդրել եմ՝ քվեարկության ժամանակ այդ օգնությունը, ձեռք մեկնելը հաշվի չառնեն։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG