Մատչելիության հղումներ

Ղուլյան. Արցախում ամեն ինչ որոշվում էր 3-4 դերակատարների միջև, այժմ իրավիճակ է փոխվել


Արցախի Ազգային ժողովի նախագահ, գարնանը Լեռնային Ղարաբաղում նախատեսված նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած Աշոտ Ղուլյանի խոսքով, նախկինում ամեն ինչ որոշվում էր 3-4 դերակատարների միջև, սակայն այժմ իրավիճակ է փոխվել։

Այսօր «Ազատության» հետ զրույցում Ղուլյանը նշեց՝ Արցախում հանրությունը փոփոխություններ է սպասում, նախկինում, անշո՛ւշտ, եղել են փոփոխություններ, սակայն ներկայում՝ կառավարման որակի փոփոխության ակնկալիք կա։

«Իհարկե, ընդհանուր եթե արտաքին նայենք, իրավիճակը փոխվել է, որովհետև քաղաքական դերակատարները շատացել են, երևի նկատել եք, որ Արցախում վերջին մեկ տարում գոնե մի 10-12 քաղաքական կուսակցություններ են ստեղծվել, իսկ դա նշանակում է, որ քաղաքական գործընթացը դաշտի կայացման առումով դեռևս չի ավարտվել, և շատ բնական է, որ նոր ստեղծվող քաղաքական կուսակցությունները նաև այդպիսի ցանկություն ունեն և դա, կարծում եմ, առողջ հավակնություններ են՝ իրենց սեփական թեկնածուով մասնակցել, նաև որոշակի քաղաքական համագործակցության եզրեր փնտրել։ Այս իմաստով երևի թե Արցախում ձևավորվող, շարունակվող այդ քաղաքական դաշտի ձևավորումը բերել է այսպիսի մի իրավիճակի, որ փաստորեն շատ են թեկնածուները և արդեն որոշակի հայտ կա, երևի մոտ մեկ տասնյակին մոտ թեկնածուներ կլինեն նախագահական, իսկ կուսակցությունների առումով դա, կարծում եմ, կլինի մոտ 15-20 կուսակցությունների հայտ», - ասաց Աշոտ Ղուլյանը։

«Ազատություն». – Առաջ ինչո՞ւ այդպես չէր, որովհետև շատերը կարծում էին, որ «կա իշխանության թեկնածու, անիմաստ է, քանի որ իշխանության թեկնածուն ռեսուրսի հաշվին, վարկանիշի հաշվին մեկ է հաղթելու է և ինչո՞ւ մասնակցենք, ավելի լավ է սատարենք, ինչ որ մի բաժին մենք էլ կունենանք ապագա իշխանությունում», ի՞նչ եք մտածում։

Ղուլյան. – Հավանաբար այդպիսի դատողություններ էլ են եղել, բայց կարծում եմ՝ ավելի շատ քաղաքական դաշտը շատ պարզ էր այն ժամանակ, նույնիսկ 5-10 տարի առաջ առավել ևս և ամեն ինչ պարզ էր, որ կան 3-4 դերակատարներ, որոնք իրենց վրա են վերցնում երկրի կառավարման բեռը, քաղաքական պատասխանատվությունը և ամեն ինչ որոշվում է այդ 3-4 դերակատարների միջև։ Հիմա քանի որ դերակատարները շատ ավելին են և՛ քանակով, և՛ իրենց ուղղվածություններով, կարծում եմ, այստեղ ավելի շատ խոսքը գնում է այն բանին, որ ինչպիսի ուղղվածություն կունենան նաև այդ քաղաքական հայտ ներկայացնող ուժերը։ Երևի նաև առողջ մրցակցություն կա այս ամենի մեջ, և ես կարծում եմ, որ, իհարկե, 2020 թվականի ընտրությունները տարբերվում են նախորդ բոլոր ընտրություններից։

Ղուլյանի խոսքով, գարնանը նախատեսված ընտրությունները ժողովրդավարական մակարդակի առումով ավելի բարձր են լինելու։

«Ազատություն». – Շատերն ասում են՝ Ձեր քննադատները, որ ընտրություններին դարձյալ իշխանության ներկայացուցիչն է մասնակցում՝ Արայիկ Հարությունյանը, ով ընդամենը վերջերս էր վարչապետ, Մասիս Մայիլյանը, ով արտգործնախարար է, Դուք՝ Ազգային ժողովի նախագահ, Վիտալի Բալասանյանը, ով Անվտանգության խորհրդի քարտուղար էր և այպես շարունակ, բայց ասում են՝ «մյուս կողմից մենք խոսում ենք փոփոխությունների մասին», հարցնում են՝ արդյոք այս մարդիկ ի վիճակի՞ են փոփոխություններ բերել, եթե իրենց իշխանության օրոք նման իրավիճակ է ստեղծվել։ Ի՞նչ կարող եք ասել Ձեր քննադատներին։

Ղուլյան. – Կարող եմ ասել, որ մենք Արցախում բոլորս ենք զգում մեր վրա կառավարման համակարգի և՛ հաջողությունները, և՛ թերությունները, այնպես չէ, որ մենք կտրված ենք և չենք հասկանում կամ չենք տեսնում, թե ինչ է այսօր պահանջվում Արցախում և՛ տնտեսական, և՛ սոցիալական, և՛ քաղաքական համակարգի զարգացման համար։ Ես կարծում եմ, որ գուցե դա լավ չի, որ այդպես է, որ մենք Արցախում չունենք այն երկրորդ պատրաստ կառավարման բլոկը կամ համակարգը, որը այսօր շատ ավելի պատրաստ է տեսականորեն իր գործունեությանը, եկեք ընդունենք, որ մենք Արցախում այսօր էդպես անտեսված ընդդիմություն չունենք, որը պահեստային վիճակում է և որևէ բանով ներգրավված չէ։ Այսօր բոլոր նոր ստեղծվող ուժերը և նախկինում գործող քաղաքական ուժերը այս կամ այն ձևով ներգրավված են. դա կլինի խորհրդարանում, դա կլինի կառավարման համակարգում, դա կլինի մասնավոր սեկտորում, որտեղ քիչ չեն այդպիսի հաջողված գործարարները։ Այնպես որ, կարծում եմ, իշխանություն լինելը Արցախում դա ոչ թե էդպիսի ինչ-որ մի խարան է, այլ դա առաքելություն է, որը կարծում եմ՝ ընտրությունները պետք է ցույց տան՝ ով է դա ճիշտ ձևով տարել առաջ և ով է, որ թերացել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG