Մատչելիության հղումներ

Թուրքմենստանում առաջարկում են նախկին նախագահների համար պաշտոն ստեղծել


Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով, հոկտեմբեր, 2019թ.

Թուրքմենստանում սահմանադրական փոփոխություններով առաջարկվում է նախկին նախագահների համար պաշտոն ստեղծել:

Ավելի քան 5,5 միլիոն բնակչություն ունեցող Թուրքմենստանը մոտ 30 տարվա անկախության ընթացքում ընդամենը մեկ նախկին նախագահ ունի: 16-ամյա նախագահությունից հետո 2006 թվականին Սափարմուրադ Նիյազովը հանկարծամահ է եղել պաշտոնավարման ընթացքում:

Թուրքմենստանի պետական լրատվամիջոցները նախօրեին հրապարակել են մայր օրենքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի նախ առաջարկվում է երկպալատ խորհրդարան ստեղծել և վերին պալատի խոսնակին շնորհել նախագահի պարտականությունները կատարելու լիազորություն՝ երկրի ղեկավարի հիվանդության կամ մահվան դեպքում:

Փոփոխությունների համաձայն՝ գործող Մեջլիսը կդառնա խորհրդարանի ստորին պալատը, կստեղծվի Ժողովրդական խորհուրդ, և Թուրքմենստանի նախկին նախագահներն ինքնաբերաբար կդառնան այդ կառույցի՝ խորհրդարանի վերին պալատի ցմահ անդամ, իսկ խոսնակը կկատարի ծանր հիվանդ նախագահի պարտականությունները կամ կփոխարինի նրան մահվան դեպքում մինչև նոր նախագահի ընտրությունները:

Տարիներ առաջ, սակայն, իշխանության փոխանցման՝ գործող Սահմանադրությամբ նախատեսված կարգը նախագահի մահվան պարագայում չէր գործել: 2006-ին, երբ հայտնի դարձավ, որ Թուրքմենստանի գործող նախագահը հանկարծամահ է եղել, երկրի հատուկ ծառայությունները ձերբակալեցին խորհրդարանի խոսնակին, և նախագահի պարտականություններն անցան այն ժամանակ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին:

Ակնկալվում է, որ փոփոխությունները կընդունվեն մինչև այս տարվա վերջ, իսկ մինչ այդ փաստաթուղթը կդրվի հանրային քննարկման. համենայն դեպս, այդպես են հավաստիացնում Թուրքմենստանի իշխանությունները:

Թուրքմենստանի սահմանադրական փոփոխությունները, ըստ փորձագետների, պայմանավորված են բացառապես իշխանության հնարավոր փոխանցման հարցով: Բնական պաշարներով հարուստ, աշխարհի ամենափակ երկրներից մեկը համարվող Թուրքմենստանի 62-ամյա նախագահ Բերդիմուհամեդովը, ինչպես ենթադրվում է, իր միակ որդուն՝ 38-ամյա Սարդարին որպես ժառանգորդ է նախապատրաստում:

Նախագահի որդին, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է գլխավորել օրենսդիր մարմնի իրավական հանձնաժողովը, զբաղեցնել արտգործնախարարի տեղակալի պաշտոնը, նա ղեկավարել է նաև Իրանին և Աֆղանստանին սահմանակից հայրենի Ահալի նահանգը, իսկ շաբաթներ առաջ էլ հոր կողմից նշանակվել արդյունաբերության և շինարարության նորաստեղծ նախարարության ղեկավար:

2007 թվականից պաշտոնավարող նախագահ Բերդիմուհամեդովին վերագրվող ծանր հիվանդության մասին պարբերաբար լուրեր են շրջանառվում, նա հաճախ տևական ժամանակով չի ներկայանում հանրությանը: Սակայն այդ լուրերը երբեք պաշտոնապես չեն հաստատվել:

XS
SM
MD
LG