Մատչելիության հղումներ

Բերդիմուհամեդովը, ըստ պաշտոնական հաղորդագրության, հեռախոսազրույց է ունեցել Միրզիյոևի հետ


Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով, արխիվ
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով, արխիվ

Ուզբեկստանի նախագահի աշխատակազմը հաղորդում է, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հեռախոսազրույց է ունեցել ուզբեկ պաշտոնակցի հետ՝ վերջինիս ծննդյան օրվա առիթով: Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Շավքաթ Միրզիյոևին ու մաղթել Ուզբեկստանի բազմազգ ժողովրդին բարգավաճում և զարգացում:

Սա առաջին պաշտոնական հաղորդագրությունն է հուլիսի 21-ից հետո՝ Թուրքմենստանի նախագահի մահվան մասին լուրերի ֆոնին: Նույնաբովանդակ հաղորդագրություն է տարածել նաև Թուրքմենստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Հուլիսի 5-ից ի վեր նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հանրությանը չի ներկայացել:

Թուրքմենստանում, որտեղ Բերդիմուհամեդովի անձի պաշտամունքը տարեցտարի թափ է հավաքում, պետական լրատվամիջոցները լծված են երկրի առաջնորդի մասին առատորեն տեսանյութեր տարածելու գործին՝ նախագահը ձի է հեծնում, նախագահը հեծանիվ է վարում, նախագահը հերթական հատորի վրա է աշխատում, նախագահը երգում է, նախագահը կատվի ձագերի հետ է խաղում:

Նույն լրատվամիջոցները, մինչդեռ, հուլիսի 6-ին ցուցադրեցին մի տեսանյութ, որում նախագահը զարմանալիորեն բացակայում էր: Այդ օրը Աշգաբատ էր այցելել Եվրամիության դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, սակայն Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Բրյուսելից հազվադեպ այցելող հյուրին դիմավորողների կամ ուղեկցողների թվում չէր, չի հաղորդվել նաև երկու պաշտոնյաների հանդիպման մասին: Այս հանգամանքը է՛լ ավելի խորացրեց կասկածները:

Թեև այդ կասկածները՝ մասնավորապես մահվան մասին ենթադրությունները շտապել են հերքել մի շարք երկրներում թուրքմենական դիվանագիտական ներկայացուցչություններից, այդուհանդերձ, մամուլում աղմուկը չէր մարում` նախագահականի լռության պատճառով:

Վերջին տարիներին Թուրքմենստանի նախագահին վերագրվող ծանր հիվանդության մասին պարբերաբար լուրեր են շրջանառվում, նա հաճախ տևական ժամանակով չի ներկայանում հանրությանը: Սակայն այդ լուրերը երբեք պաշտոնապես չեն հաստատվել:

Վերջին շաբաթներին այդ խոսակցություններն առավել ակտիվացան, երբ Բերդիմուհամեդովի ծննդյան օրը երկրում նշվեց արտասովոր կերպով՝ կազմակերպվեց համաժողովրդական հոգևոր ծես, որի ժամանակ պաշտոնյաներն ու իմամները Ալլահից առողջություն էին խնդրում նախագահի համար:

Բերդիմուհամեդովը աշխարհի ամենափակ ու ավտորիտար երկրներից համարվող Թուրքմենստանի նախագահի պաշտոնը ստանձնել է 2007 թվականին: Տարիների ընթացքում նա ոչ միայն իր դիրքերն է ամրապնդել, այլ նաև որդու քաղաքական ճանապարհն է հարթել, ում համարում են նրա հավանական ժառանգորդը: Անցած ամիս 37-ամյա Սարդար Բերդիմուհամեդովը նշանակվել է Իրանին և Աֆղանստանին սահմանակից Ահալի նահանգի ղեկավար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG