Մատչելիության հղումներ

Մակունցը շեշտում է՝ քարոզարշավի ընթացքում անկեղծ զրուցելու են քաղաքացիների հետ


Մեկ շաբաթ է՝ մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, և իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները ձգտում են հանրությանը ապացուցել իրենց տեսակետների ճշմարտացիությունը։

Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանը երկու շաբաթ առաջ հրամանագիր ստորագրեց Սահմանադրության փոփոխությունների հանարքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին։ Առաջարկվող փոփոխությունների նպատակը, ըստ էության, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ու վեց անդամների լիազորությունների դադարեցնումն է։

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Ստորև՝ հատված հարցազրույցից.

Լիլիթ Մակունց. – Բոլոր հիմքերը ունենք, ողջամիտ կասկածները, որ որոշ դեպքերում Սահմանադրական դատարանը այս կազմով, երաշխավորված չենք, որ կհաստատի, մեկ պարզ պատճառով՝ որովհետև կան ողջամիտ կասկածներ, որ անկախ չեն գործում այն յոթ անդամները, որոնք այսօր որոշումներ են կայացնում Սահմանադրական դատարանում։ Հիմնականում սա է, և, իհարկե, նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացին, գնալով հանրաքվեի և «այո» ասելով, համոզվածություն է նաև հայտնում հետագայի համար, որ հաջորդ ընտրություններին, ով էլ լինի իշխանության, որևէ քաղաքական ուժ, եթե անգամ փորձ կատարի կեղծելու որևէ ընտրություն կամ ժողովրդի քվեն, Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է համոզված լինի, որ Սահմանադրական դատարանը, որը կլինի հանրաքվեից հետո, որևէ կերպ չի սրբագրելու այդ կեղծիքները։

«Ազատություն». – Հիմա այսպիսի հարց կա՝ իսկ որտեղի՞ց եք այդքան մարդ բերելու ընտրատեղամասեր; Ինչպես գիտենք, շուրջ 650 հազար «այո» ասող մարդ պետք է գա և քվեարկի «այո»։

Մակունց. – Գիտե՞ք, երբ ասում են՝ «որտեղի՞ց եք մարդ բերելու», ինձ մոտ շատ վատ հիշողություններ և ասոցիացիաներ են առաջանում «մարդ բերելու»։ Մենք քաղաքացիների հետ պետք է անկեղծ զրուցենք քարոզարշավի ընթացքում, ներկայացնենք բաց այն, ինչը կա, այն, ինչ անհրաժեշտ է պետությանը, այն, ինչ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն, այն, ինչ անհրաժեշտ է Հայաստանի ժողովրդավարությունը անշրջելի դարձնելուն, և պիտի փորձենք համոզենք, որ սա իսկապես կարևոր է, և մենք պիտի գնանք հանրաքվեի և ասենք «այո»։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի փետրվարի 23-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG