Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն ու ԼՀԿ-ն պատրաստ են օգնել «Ոչ»-ի ճակատին տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում


«Ոչ»-ի ճակատից Ռուբեն Մելիքյան, արխիվ
«Ոչ»-ի ճակատից Ռուբեն Մելիքյան, արխիվ

Դաշնակցությունն ու «Լուսավոր Հայաստան»-ը պատրաստակամություն են հայտնել օգնելու «Ոչ»-ի քարոզչության կողմին տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում, «Ազատությանը» փոխանցեց «Ոչ»-ի ճակատից Ռուբեն Մելիքյանը։

«Ոչ»-ի քարոզիչները, Մելիքյանի խոսքով, դիմել էին «այո»-ն բացառող ու ընտրական փորձառություն ունեցող ուժերին՝ նախկին իշխանական Հանրապետականին ու ՀՅԴ-ին, նաև՝ խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ին ու «Բարգավաճ Հայաստան»-ին, «Ոչ»-ի քարոզչական կողմից հանձնաժողովներում ընդգրկվելու խնդրանքով։

ՀՀԿ-ի հետ կապ հաստատել չհաջողվեց, ԲՀԿ-ում, պատգամավոր Շաքե Իսայանի փոխանցմամբ, հարցը չեն քննարկվել։

Տեղամասային ընտրական 7 հոգանոց հանձնաժողովում ինչպես «Այո»-ի, այնպես էլ՝ «Ոչ»-ի կողմը 2-ական անդամ նշանակելու իրավունք ունի։ Յուրաքանչյուր կողմից 4016 անդամների մասին է խոսքը, անուններ ներկայացնելու վերջնաժամկետն էլ՝ մարտի 1-ը։

«Մեր խնդիրն այն է լինելու, որպեսզի մենք հավաստիանանք, որ իսկապես գործ ունենք մարդկանց հետ, որոնք ունակ են իրականացնելու հանձնաժողովի նախագահի, քարտուղարի, անդամի լիազորությունները, հանրությունն էլ վստահ լինի, որ այդ գործընթացն իրականացնում են մարդիկ, ովքեր անկեղծորեն դեմ են հանրաքվեի գործընթացին», - ասաց Ռուբեն Մելիքյանը։

Թեև Հրայր Թովմասյանի ու ՍԴ-ի 6 անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցով սպասվող հանրաքվեն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, նաև «Բարգավաճ»-ն ու «Լուսավոր»-ը ապօրինի ու խնդրահարույց են համարել, բայց ձեռնպահ մնացին ձևավորել «Ոչ»-ի ճակատ։

Մի քանի օր առաջ հանրաքվեն բոյկոտելու կոչ անող Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իրենց որոշումն այսպես բացատրեց՝ չարգելելով կուսակցականներն ընդգրկվեն հանձնաժողովներում՝ «Ոչ»-ի շտաբին աջակցելու են վերահսկողություն իրականացնելու հարցերում։

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք այս որոշումը չի հակասում մի քանի օր առաջ իրենց տարածած հայտարարությանը, Սաղաթելյանը պատասխանեց. «Բայց մի հատ ավելի կարևոր բան կա՝ բացառել «այո»-ն, սա ասելով մենք նկատի ունենք առաջին հերթին ընտրությունները բոյկոտողները, երկրորդը՝ «ոչ» ասողները, նաև գնացող անվավեր անողները մեր պոտենցիալ գործակիցն են չէ՞։ Այսինքն՝ մեր այս գործողությունները բխում են մեր մեծ վերնագրից, այսպես ասած, ամեն ինչ անել «այո»-ն բացառելու համար»։

«Լուսավոր Հայաստան»-ում, Դավիթ Խաժակյանի խոսքով, հանրաքվեն հակասահմանադրական են համարում, բայց կարծում են՝ չպետք է խոչընդոտել ընտրությունների կազմակերպմանը։

«Մենք մեր գնահատականները տվել ենք, բայց թույլ չտալ հանձնաժողովի անդամների համալրումը, նշանակում է նպաստել այս գործընթացի տապալմանը։ Ակնհայտ է, որ «Ոչ»-ի, «Այո»-ի հետ ասոցացման խնդիր չկա, որովհետև մարդկանց անհատապես դիմելու են՝ ներգրավվել հանձնաժողովներում, և մենք նրանց չենք խոչընդոտելու», - նշեց Խաժակյանը։

Սարգիս Խանդանյանն ասաց՝ «Այո»-ի քարոզչական կողմը պատրաստվում է հանձնաժողովներում տեղերը համալրել իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» ուժերով։Պատգամավորին չի զարմացրել «Ոչ»-ի կողմի առաջարկը հանրաքվեին չմասնակցելու մասին հայտարարած ուժերին։

«Երբ որ նայում ենք «Ոչ»-ի քարոզչական կողմի էդ նախաձեռնությունը ներկայացրած քաղաքացիների ցանկը հասկանում ենք, որ այստեղ հիմնականում Հանրապետական կուսակցության, այդ կուսակցության նախկին անդամ Հրայր Թովմասյանի ընկերներն ու մոտ կանգնած մարդիկ են։ Ասելով բոյկոտի մասին՝ ակնհայտ է, որ այս քաղաքական ուժերը, մասնավորապես, Հանրապետականը, Դաշնակցությունը «Ոչ»-ի կողմն են բռնել և ակնհայտորեն երևում է նրանց գոնե ստվերը այս գործընթացում», - ասաց Խանդանյանը։

XS
SM
MD
LG