Մատչելիության հղումներ

Ոստիկանությունում մահակով և հակագազով ցուցմունք կորզելու գործով ևս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել


Ոստիկանությունում մահակով և հակագազով ցուցմունք կորզելու գործով ևս մեկ անձի՝ Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որը զուգորդվել է բռնությամբ, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով։

«Ըստ առաջադրված մեղադրանքի` այդ անձը 2008 թվականի նոյեմբերի սկզբին` իր աշխատասենյակում, նույն բաժանմունքի ծառայողների մասնակցությամբ, բնակարանային գողության փորձ կատարելու դեպքի շուրջ զրուցել է հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկված Արմեն Մարտիրոսյանի հետ: Վերջինիս կողմից դեպքին առնչություն ունենալու հանգամանքը հերքելուց հետո ոստիկանության պաշտոնյան և ոստիկանության մի շարք այլ ծառայողներ, գողության փորձ կատարելու դեպքը խոստովանելու պահանջ ներկայացնելով, Արմեն Մարտիրոսյանին գցել են գետնին, գլխին անցկացրել հակագազ և ձեռքերով ու մահակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ», - հայտնում են իրավապահները:

Ավելի վաղ նույն քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել Ոստիկանության Ճամբարակի բաժնի պետին։

Այս դեպքից միայն 11 տարի անց՝ համացանցում հայտնվեց «Ոստիկանները հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում» վերտառությամբ աղմկահարույց տեսանյութը, որի առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցվեց։ Կատարված նախաքննության ընթացքում պարզվել է բռության ենթարկված անձի ինքնությունը, վերջինս գործով ճանաչվել է տուժող։

Ոստիկանությունը հետևողական աշխատանք է տանում, որպեսզի հարցաքննությունների ընթացքում բացառվեն բռնության գործադրման, խոշտանգումների դեպքերը, անդրադառնալով բռնությամբ ցուցմունք կորզելու այս դեպքին՝ այսօր հայտարարեց փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը։

«Կապված հարցաքննությունների հետ մենք կահավորում ենք համապատասխան աշխատասենյակներ, որպեսզի բացառենք նման երևույթները՝ բռնության գործադրման, խոշտանգումների։ Մենք հետևողական աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ՝ հիմնականում համագործակցելով հասարակության հետ և ավելի ուժեղացնելով վերահսկողական մեր բոլոր միջոցառումները», - նշեց Եսայանը։

Հարցին՝ տեսախցիկներ տեղադրելը բավակա՞ն է, կադրային փոփոխությունների անհրաժեշտություն չկա՞, փոխոստիկանապետը պատասխանեց. «Դուք մի քիչ ուրիշ ձևի եք պատկերացնում կադրային փոփոխությունները, եթե մեր աշխատողները թույլ տան նման դրսևորումներ, բնական է, այդ ծառայողները չեն աշխատի համակարգում, նրանք տեղ չունեն, նման ծառայողները, իսկ նախօրոք իմանալ, թե այս ծառայողը կարող է բռնություն ցուցաբերել, թե չէ, ուղղակի մենք այդ պայմաններն ենք վերացնում, որպեսզի նա կարողանար նման դրսևորումներ իրականացներ։ Մենք պայքարում ենք և՛ պատճառների, և՛ պայմանների դեմ նման երևույթների»։

Տիգրան Եսայանն ասաց՝ մինչև 2023 թվականը ավարտելու են տեսախցիկների տեղադրման աշխատանքները։

Միայն տեսախցիկները բավարար չեն խնդրի լուծման համար, կարծում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

«Ցանկացած տարածք, որտեղ բազմաթիվ կամերաներ կան, միևնույն է կան անկյուններ, որոնք չեն ծածկվում այդ կամերաներով, գոնե պետքարանում հո չեն շարելու կամերաները, կտանեն պետքարանում շատ գեղեցիկ կվերամշակեն, անունն էլ կդնեն, թե «քաղաքացին պետքարանի կարիք ուներ՝ տարել ենք պետքարանից օգտվելու», արդյունքում լավ կմշակեն, ջրով էլ կլվացնեն, հետ կբերեն կասեն՝ «տեսեք, էս էլ ձեր վերամշակված, առանց բռնության հետքերի, չեն ֆիքսել մեր կամերաները»։ Բացի դրանից, էդ կամերաները միևնույն է տեխնիկա են, ինքը էլեկտրոնիկա է, շատ կարևոր է, թե որտեղ է այդ ինֆորմացիան հավաքագրվելու և պահվելու, որովհետև, եթե պահվեց նույն կառույցում, որտեղ որ բռնություն է իրականացվել, հետևաբար պարզ չի՝ արդյո՞ք կձայնագրվի, կպահպանվի, դա շատ կարևոր է, կամ արդյոք ե՞րբ պարզ կդառնա այդ դեպքը, և արդյո՞ք, օրինակ, վեց ամիս հետո, մի տարի հետո հնարավոր կլինի էդքան ինֆորմացիա պահել ու այդքան ինֆորմացիայից վերցնել», - ասաց Կարապետյանցը։

Իրավապաշտպանը ոստիկանությունում կադրային փոփոխությունների, վերապատրաստումների կարիք է տեսնում. «Տեսախցիկներ, պլյուս վերապատրաստում, պլյուս նոր կադրերի ճիշտ պատրաստում, որովհետև մարդիկ, ովքեր նոր պետք է գան ոստիկանությունում աշխատելու՝ քննիչները կլինեն, թեկուզ փողոցում ոստիկանները կլինեն, բոլորը, ովքեր որ ուժային կառույցներում տարբեր տեղերում կան, բոլորը պետք է ի սկզբանե, դպրոցից սկսած, այո, ստանան բավարար ուսուցում, գիտելիք, իսկ մասնագիտացված կառույցներում առավել խորացված գիտելիքներ մարդու իրավունքների հետ կապված»։

XS
SM
MD
LG