Մատչելիության հղումներ

Աղմկահարույց տեսանյութում երևացող ոստիկաններից մեկի լիազորությունները դադարեցվել են


NewsMedia.am կայքում «Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակված տեսանյութում երևացող ոստիկաններից մեկի լիազորությունները դադարեցվել են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Հաղորդագրության համաձայն՝ տեսանյութի առնչությամբ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող: «Զուգահեռաբար տարվում են աշխատանքներ` տեսանյութում երևացող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: Ծառայողական քննության շրջանակներում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են», - նշված է հաղորդագրությունում:

Համացանցում նոյեմբերի 21-ին տարածվել է խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութ, որի կապակցությամբ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել Հայաստանի ոստիկանության բաժանմունքներից մեկում:

Խոշտանգման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:

Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ են իրականացվում տարածված տեսանյութի վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույնպես արձագանքել էր համացանցում բուռն քննարկման առիթ դարձած տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են անձինք հարվածներ հասցնում քաղաքացուն և փորձում տեղեկություն կորզել նրանից: Օմբուդսմենը նշել էր, թե իր ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմին:

Recommended

XS
SM
MD
LG