Մատչելիության հղումներ

Հայաստանի գլխավոր դատախազն Արցախում է


ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ

Զինված ուժերում վերջին շրջանում տեղ գտած արտակարգ դեպքերին ու զորքերում կարգապահության ամրապնդմանը վերաբերող հարցեր են քննարկվել Արցախում գտնվող Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ Պաշտպանության բանակի հրամանատարության, միավորումների և զորամասերի հրամանատարների ու ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ։ Այդ մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նախօրեին Ստեփանակերտում Արթուր Դավթյանին ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Հանդիպմանը, որին մասնակցել է Արցախի գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը, քննարկվել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր, հաղորդում է Արցախի նախագահի պաշտոնական կայքէջը։

Շաբաթասկզբին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն Զինված ուժերում ընթացքում մահվան դեպքերի հետ կապված։ Երեկ պաշտոնանկ արվեցին Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը և Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը։

2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը, ԶՈՒ գլխավոր շտաբի հաղորդագրության համաձայն, Զինված ուժերում գրանցվել է զինծառայողների մահվան 13 դեպք, «որից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով՝ հիվանդություն, անձնական խնդիրներ», մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են:

XS
SM
MD
LG