Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն զինկոմիսարիատի պաշտոնյայի կաշառառության դեպք է բացահայտել


ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է, որ բացահայտել է զինկոմիսարիատի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու հերթական դեպքը։

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Հայաստանի մարզերից մեկի զինկոմիսարիատի զորակոչային բաժնի պետը 2019 թվականին նախնական համաձայնության է եկել նույն զինկոմիսարիատի նախկին աշխատակցի հետ՝ կաշառքի դիմաց վերջինիս ներկայացրած զորակոչիկներին ժամկետային զինվորական ծառայությունից տարկետումներ տալու կամ ծառայությունից ազատելու հարցերում նրա ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով աջակցելու շուրջ, փոխանցում է ԱԱԾ մամուլի կենտրոնը։

«Օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ զորակոչային բաժնի պետը՝ զինվորական սեղանի տեսուչի հետ պայմանավորվածության համաձայն, 2019թ. ձմեռային զորակոչի ընթացքում նպաստել է 4 զորակոչիկի օգտին հիշյալ գործողությունները իրավասու պաշտոնյաների միջոցով կատարելուն, որի արդյունքում զինակոչիկներից երկուսն օգտվել են տարկետման իրավունքից, իսկ երկուսը ճանաչվել են ժամկետային ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում: Դրա համար բաժնի պետն այդ զորակոչիկների հարազատներից պահանջել և հանցակցի օժանդակությամբ մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ ընդհանուր առմամբ շուրջ 6.5 միլիոն ՀՀ դրամին համարժեք 13.700 ԱՄՆ դոլար», - ասված է հաղորդագրությունում։

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բերման են ենթարկվել, իսկ կաշառք տվող անձինք անհերքելի ապացույցների առկայության պարագայում խոստովանել են հանցագործության հանգամանքը, տեղեկացնում է ԱԱԾ-ն։

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կաշառք ստացած պաշտոնյան և նրա հանցակիցը ձերբակալվել են, նշված է հաղորդագրությունում։

Նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG