Մատչելիության հղումներ

Ութ տարում առաջին անգամ Հալեպի օդանավակայանում վայրէջք կատարեց ուղևորատար ինքնաթիռ


Սիրիա - Հալեպի բնակիչները ողջունում են միջազգային օդանավակայանի վերաբացումը, 20-ը փետրվարի, 2020թ.
Սիրիա - Հալեպի բնակիչները ողջունում են միջազգային օդանավակայանի վերաբացումը, 20-ը փետրվարի, 2020թ.

Տևական դադարից հետ «Սիրիական ավիաուղիներ»-ի առաջին ուղևորատար օդանավը նախօրեին վայրէջք կատարեց Հալեպի օդանավակայանում: Սա վերջին ութ տարվա ընթացքում առաջին չվերթն է, որը հաջողությամբ իրականացվեց ինը տարի շարունակվող սիրիական պատերազմի հետևանքով քարուքանդ արված երկրի երբեմնի տնտեսական կենտրոն Հալեպում:

Ութ տարում առաջին անգամ Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքում վայրէջք կատարած քաղաքացիական օդանավը ժամանել էր մայրաքաղաք Դամասկոսից` բերելով 120 ուղևորների, որոնց թվում էին նաև տրանսպորտի նախարար Ալի Համուդը, զբոսաշրջության նախարար Մուհամադ Մարթինին։

Երկու քաղաքների միջև հեռավորությունը 370 կիլոմետր է:

Տրանսպորտի նախարարի խոսքով՝ այժմ սիրիական կառավարությունը սպասում է միջազգային չվերթների թույլտվությանը, հաջորդ հնարավոր ուղևորությունը, որը նախատեսված է եկող ամիս, դեպի Կահիրե է:

Օդանավակայանի վերագործարկումը հնարավոր դարձավ, երբ Սիրիայի կառավարական բանակը Ռուսաստանի աջակցությամբ ազատագրեց Հալեպից հյուս-արևմուտք ընկած մի շարք ռազմավարական նշանակության բնակավայրեր:

Իդլիբ նահանգի այդ տարածքների վերադարձի շնորհիվ Բաշար Ասադի վարչակազմը վերականգնեց վերահսկողությունը նաև այսպես կոչված «սիրիական կյանքի ճանապարհի» նկատմամբ: Մայրաքաղաք Դամասկոսն ու Հալեպը միացնող M5 մայրուղին ամենահարմար և ամենաարագ ճանապարհն է, որը կապում է սիրիական երկու խոշորագույն քաղաքները։ Ինչպես հայտարարում է երկրի կառավարությունը, առաջիկա օրերին այն հասանելի կդառնա նաև քաղաքացիական անձանց համար:

Պաշտոնական Դամասկոսը հույս ունի, որ հատկապես մասնավոր չվերթների վերսկսումը դեպի Հալեպ կնպաստի տնտեսական աշխուժացմանը վերջին տարիներին կատաղի մարտերի թատերաբեմ դարձած քաղաքում:

XS
SM
MD
LG