Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ԱԳ նախարարը Ռուսաստանի և Բելառուսի միջև պատերազմի վտանգ է տեսնում


Ուկրաինայի ԱԳ նախարար Վադիմ Պրիստայկո, արխիվ
Ուկրաինայի ԱԳ նախարար Վադիմ Պրիստայկո, արխիվ

Ուկրաինայի արտգործնախարար Վադիմ Պրիստայկոն չեխական Respekt հրատարակությանը տված հարցազրույցում ասել է, թե Ռուսաստանի և Բելառուսի միջև պատերազմի վտանգ կա` ռուս - բելառուսական հնարավոր պատերազմը կապելով անկախության համար բելառուսցիների հնարավոր պայքարի հետ: Մոսկվայում և Մինսկում արդեն արձագանքել են։

Պրիստայկոյի խոսքով՝ «Բելառուսն այսօր ապրում է բարդ ժամանակաշրջան»: «Մի քանի տարի առաջ ես խոսեցի բելառուսական մի շարք լրագրողների հետ, և երբ ես պաշտոնապես նրանց ասացի, որ եթե նրանք ուզում են անկախ մնալ, իրենք կկանգնեն նույն պատերազմի, նույն դժվարությունների և նույն տառապանքների առջև, ինչպես և մենք՝ ուկրաինացիներս կանգնեցինք, նրանք ինձ չէին հավատում: Միգուցե այժմ նրանք ավելի լուրջ ընկալեն իմ խոսքերը», - հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարը:

«Կարծում եմ, որ սա պաշտոնյայի կողմից շատ մտածված հայտարարություն չէ», - ասել է Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի մարդու իրավունքների և միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գենադի Դավիդկոն՝ հավելելով, թե Ուկրաինայի համար հեշտ է նման հայտարարություններ անել, քանի որ Կիևը Մոսկվայի հետ հարաբերություններում կորցնելու այլևս ոչինչ չունի:

Դավիդկոյի խոսքով՝ Բելառուսի հարաբերությունները Ռուսաստանի հետ այսօր բարդ են, սակայն հնարավոր չէ պատկերացնել, որ այդ հարաբերությունները հասնեն պատերազմի։ «Դա անհավատալի է, նման բան երբեք չի կարող լինել», - ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է բելառուսցի պատգամավորը:

Ռուսաստանցի մի քանի սենատորներ նույնպես արդեն արձագանքել են Պրիստայկոյի հայտարարությանը՝ այն որակելով սադրանք։

«Պրիստայկոն փորձում է օգտագործել Մոսկվայի և Մինսկի միջև առկա տնտեսական, աշխատանքային հակասությունները: Նա կորցրել է քաղաքական բանականության մնացորդները: Նա երևի մոռանում է, որ Ռուսաստանը և Բելառուսը դաշնակից պետություններ են», - ասել է, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ձաբարովը:

XS
SM
MD
LG