Մատչելիության հղումներ

Նախաձեռնող խմբի անդամի փոխանցմամբ, «Ոչ»-ի ճակատը վաղը փաստաթղթերը կհանձնի ԿԸՀ


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյան

Այսօր պաշտոնապես մեկնարկում է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը: Այն շարունակվելու է մինչև ապրիլի 3-ը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը տեղեկացրեց, որ այս պահին ձևավորված է միայն «Այո»-ի պաշտոնական ճակատը. - «Այս պահի դրությամբ դեռ «Ոչ»-ի քարոզչական կողմ չունենք գրանցված»։

Խորհրդարանականների կողմից «Ոչ»-ի ճակատ ձևավորելու ժամկետը լրանցավ այսօր։ «Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանն» արդեն հայտարարել են, որ նման ծրագիր չունեն։

«Ոչ»-ի քարոզչության կողմ կարող են դառնալ նաև քաղաքացիները՝ վաղվանից սկսած։ Այդպիսի մտադրություն են հայտնել մի խումբ իրավաբաններ։ «Ոչ»-ի նախաձեռնող խմբի անդամ Արմեն Գալստյանը տեղեկացրեց, որ հենց վաղը փաստաթղթերը կտանեն ԿԸՀ. - «Զուտ մասնագիտական շահի շուրջ են համախմբվել, որպեսզի ներկայացնեն «Այո»-ն բացառող տարբերակները և ընդհանրապես պրոցեսի իրավական կողմը»։

Գալստյանն ասաց, որ քաղաքական ասպեկտից քարոզարշավի ընթացքում խուսափելու են, բայց միևնույն ժամանակ չբացառեց որ «Ոչ»-ի ճակատը հարթակ դառնա «Այո»-ն բացառող քաղաքական ուժերի համար. - «Այս կոնտեքստում կարող են լինել և ձայն ունենալ շատ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Եվ դա որևէ կերպ չի սահմանափակվելու որևէ քաղաքական ուժով, այսինքն նրանք, ովքեր կունենան ասելիք ոչ «Այո»-ի հետ կապված, նրանք կունենան այդ հարթակից օգտվելու հնարավորություն»։

Գալստյանը շեշտում է, որ նպատակ ունեն նաև մեղմել ատելության մթնոլորտը. իրենք կլինեն կիրթ, կոռեկտ, բարեհամբույր։ Ակտիվ մարզային քարոզարշավ չեն պլանավորում, բայց կօգտվեն օրենքով ստեղծված բոլոր քարոզչական ռեսուրսներից։

Կենտրոնական ընտրական հանձնաժողոի քարտուղարն ասում է, որ քարոզչական պաստառների համար անվճար տեղեր, համյանքներում դահլիճներ՝ բոլոր պայմանները արդեն ստեղծված են, որպեսզի «Այո»-ի և «Ոչ»-ի քարոզչական թևերի գործի անցնեն. - «Անվճար և վճարովի եթերաժամ ունեն Հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով, հինգ քառակուսի մետրը գերազանցող պաստառների բաշխմանը մասնակցելը, անվճար տեղերը համայնքների կողմից առանձնացված, որտեղ կարելի է պաստառներ փակցնել, հանձնաժողովում երկուական տեղ»։

««Ոչ» քարոզչության կողմը օգտվում է այն հանրային ռեսուրսներից, որ Ընտրական օրենսգիրքը և «Հանրաքվեի մասին» օրենքը սահմանել է. անվճար և վճարովի եթերաժամը Հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով, հինգ քառակուսի մետրը գերազանցող պաստառների բաշխմանը մասնակցելը, անվճար տեղերը համայնքների կողմից առանձնացված, որտեղ կարելի է պաստառներ փակցնել, հանձնաժողովում երկուական տեղ»։

«Ոչ»-ի պաշտոնական գրանցման համար մինչև երեք օր է սահմանված, բայց Սմբատյանն ասաց գործընթացն ավելի կարճ ժամկետում կավարտեն, որպեսզի քարոզչությունը չտուժի։

«Այո»-ի ճակատում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում չեն կարծում, որ «Ոչ»-ի գրանցումը հանրաքվեի մրցակցայնության հարցում ինչ որ բան փոխելու է, քանի որ կարծում են, որ «Ոչ»-ն առանց գրանցվելու էլ կա, գործում է. - ««Ոչ»-ի ճամբարի դե յուրե գրանցումը, կարելի է ասել, էդքան էլ բան չի փոխում, որովհետև «Ոչ»-ի ճակատ՝ չգրանցված, բոլորս էլ գիտենք, որ կա, և բոլորս էլ գիտենք, թե ովքեր են դրա ներկայացուցիչները։ Իսկ թե կոնկրետ ում անունով կգրանցվի այդ ճամբարը, դա այնքան էլ էական չէ» («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյան)։

Ալեքսանյանը տեղեկացրեց, որ այսօր ու առաջիկա օրերին քարոզարշավ դեռ չեն սկսում, զբաղված են նախապատրաստական գործերով՝ մարզերում շտաբներ են վարձակալում, կահավորում։

«Այո»-ի ճակատը, նրա փոխանցմամբ, նախատեսում է մեծ ու փոքր հանդիպումներ հանրապետության ողջ տարածքում. - «Շատ ներառական քարոզարշավ է լինելու՝ գրեթե բոլոր ձևերով։ Թե՛ հանդիպումներ բակային, համայնքային,թե՛ հանրահավաքային, բոլոր ճանապարհներով գնալու ենք, որպեսզի հնարավորինս շատ զրուցենք մեր քաղաքացիների հետ, խոսենք նրանց հետ ու լսենք նրանց»։

Շտաբը հայտարարել է «Այո»-ի բրենդինգի բաց մրցույթ։ Պաստառների բուկլետների, սոցցանցային ձևավորումների համար լավագույն գաղափարների հեղինակները մինչև 3 միլիոն դրամ կստանան։

«Այո»-ի շտաբը ղեկավարող Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը դեռ արձակուրդ չի վերցրել։

«Քարոզարշավի ընթացքում, կարծում եմ, կվերցնի», - ասաց Վահագն Ալեքսանյանը՝ հավելելով, որ «Այո»-ի քարոզին կմասնակցի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց առայժմ պարզ չէ, թե ինչ ժամանակացույցով։

XS
SM
MD
LG