Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ԼՂ հարցի խաղաղ կարգավորման գործընթացը


Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 14-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:

ՀՀ ԱԳ նախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ գործադիր մարմինների հետ հաստատված արդյունավետ գործընկերության ամրապնդումը և ընդլայնումը՝ թիրախային նորանոր ծրագրերի և նախաձեռնությունների խթանման միջոցով: Այս տեսակետից քննարկվել են «Հայաստանի հետ համագործակցության» ԵԱՀԿ ծրագրի շրջանակներում համագործակցությունը և այն առավել արդյունավետ դարձնելու ուղիները։

Հայաստանի ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին և այս շրջանակում տեղի ունեցած վերջին հանդիպումներին:

Նախարար Մնացականյանն ընդգծել է խաղաղ գործընթացում Արցախի իշխանությունների ուղիղ ներգրավվածության կարևորությունը, հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են Արցախի անվտանգությանը և կարգավիճակին:

Երկուստեք ընդգծվել է խաղաղությանը նպաստող միջավայրի ամրապնդման և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն ուղղված հաջորդական քայլերի և այս շրջանակում ԵԱՀԿ դերակատարման կարևորությունը։

XS
SM
MD
LG