Մատչելիության հղումներ

ԱԳՆ ներկայացուցիչը չի բացառում, որ ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրի ազատականացման երկխոսությունը մեկնարկի այս տարի


Մո՞տ է արդյոք այն օրը, երբ Հայաստանի քաղաքացին առանց վիզայի մուտք կգործի շենգենյան գոտի։ Հստակ ժամկետ նշելն անշնորհակալ գործ են համարում Արտաքին գործերի նախարարությունում, այդուհանդերձ, Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, ներկայացնելով Հայաստանի մինչև այս օրն անցած ուղին, ընգծում է՝ կա հստակ առաջընթաց: Չի բացառում, որ երկխոսության մեկնարկը հնարավոր լինի անգամ այս տարվա ընթացքում:

«Բոլոր երկրներից մենք ստացել ենք իրավիճակի սթափ գնահատական, դրական առաջընթաց և պատրաստակամություն Հայաստանի հետ այն առաջ մղելու վերաբերյալ, ինչպես նաև Եվրամիության կառույցների կողմից, այսինքն՝ անդամ երկրներից զատ: 20 թվականի փետրվարն է ընդամենը, մենք ունենք ամբողջ տարին առջևում, և ես չեմ բացառում, որ այդ ժամկետն իրատեսական կարող է լինել, բայց այնուամենայնիվ զերծ մնամ, որովհետև շատ հաճախ կարելի է ապագայի վերաբերյալ դատողություններ անել, բայց դա իրականացնելն ավելի խնդրահարույց է», - ասաց Սամվելյանը:

Հայաստան-Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկն ու ավարտը պետք է լինի փոխադարձ համաձայնությամբ՝ ԵՄ 27 երկրների կոնսեսուսային միաժամանակ որոշման հիման վրա։ Բայցևայնպես Հայաստանն արդեն գործընթացային փուլում է։ Դեռ անցած տարի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնել էր, որ հարցը լուծելու համար Հայաստանը փորձագետների խումբ է ստեղծել, նպատակը՝ այցերի, բանակցությունների միջոցով պարզել հիմնական մտահոգությունները։ Կարևոր նախապայման է մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման՝ ռեադմիսիայի մասին համաձայնագրերի արդյունավետ կիրարկումը։

«Ապօրինի գտնվողների վերադարձի հարցը իսկապես կարևորագույն խնդիրներից է: Նշեմ, որ Հայաստանի կատարողականը բավականին բարձր է, դա ընդունում են ԵՄ անդամ բոլոր պետությունները, բոլոր 10 երկրների հետ, ում հետ մենք ունեցել ենք, նրանք արձանագրում են Հայաստանի համապատասխան իշխանությունների, լինի իրավապահ մարմինների և այլոց պատրաստակամությունը համագործակցել լիովին, լիակատար այս ուղղությամբ, և սա կլինի նաև երկխոսության մեկնարկի հաջողության գրավականը», - նշեց Եվրոպայի վարչության պետը:

ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը խթանելու նպատակով ձևավորված միջգերատեսչական պատվիրակությունն օրերս է վերադարձել Չեխիայից։ Պատվիրակության ղեկավար, Հայաստանի Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը հայտնեց, որ կողմերը քննարկել են հենց երկխոսությունը սկսելու հնարավոր ուղիները, ինչպես նաև անդրադարձել են Հայաստանի քաղաքացիների կողմից Չեխիա ներգաղթի դեպքերին։ Սա, իհարկե, չի նշանակում, որ բոլոր 27 երկրներով պետք է շրջել ապօրինի միգրանտների հետ կապված հարցերը պարզելու համար։ Սակայն արդեն իսկ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. ԵՄ-ում հայտնաբերված շուրջ 600 հազար միգրանտներից 2325-ն են Հայաստանից, այսինքն՝ ընդամենը 0.4 տոկոսը, ինչը, ըստ մասնագետի, մեծ ցուցանիշ չի համարվում։ 2019-ին ԵՄ երկներից ստացվել է 1656 անձի վերաբերյալ ռեադմիսիոն հայց, որից հաստատվել է 1444-ի Հայաստանի քաղաքացի լինելու հանգամանքը:

«Դեռևս չի նշանակում, որ բոլորը փաստացի վերադարձվել են: Մենք հիմա սպասում ենք, որ ԵՄ գործընկերները կամփոփեն իրենց մոտից փաստացի ելքի ցուցանիշը, և մենք արդեն կունենանք այդ տվյալը», - ասաց Ղազարյանը և նկատեց՝ խնդիրը թիվը չէ միայն, այլ միգրանտների կուտակումներն առանձին երկրներում: Միևնույն ժամանակ որպես առաջընթաց ընդգծում է՝ տարիների ընթացքում ապաստան հայցողների թիվը զգալիորեն նվազել է. - «Ունենք այս մասով 2019 թվականի առաջին 9 ամիսների վիճակագրությունը. Եվրամիության անդամ երկրներում առաջին անգամ ապաստան է հայցել 2700 Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչը կտրուկ նվազում է օրինակ՝ 2016 թվականի համեմատ, երբ որ տվյալը 5500-ից ավելին էր: Այդ դինամիկան մենք նկատում ենք՝ 16 թվականին՝ 5500, 2017-ին՝ 5100, 18-ից արդեն կտրուկ նվազում է, 18-ին՝ 3800 և 19 թվականին՝ 2700: Սա ևս մեզ համար շատ կարևոր ցուցիչ է»:

Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների վերջին զեկույցներում (Human Rights Watch, Democracy Index) Հայաստանը բավական լավ դիրքեր է զբաղեցնում։ Արդյո՞ք սա կարող է նպաստել վիզաների ազատականացման գործընթացին, ԱԳՆ պաշտոնյան, միջազգային դրական արձագանք պարունակող զեկույցների ցանկն ավելացնելով, նկատում է՝ թեև ուղիղ կապ դժվար է գտնել, սակայն միանշանակ է, որ ԵՄ գործընկերները հետևում են Հայաստանի վարկանիշին։

XS
SM
MD
LG