Մատչելիության հղումներ

ԱԺ-ում փետրվարին «Հայաստան-ԵՄ համաձայնագրի կիրարկման ընթացքը» խորագրով լսումներ կանցկացվեն


Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը ԱԺ-ում, 30-ը հունվարի, 2020թ.

Ազգային ժողովում փետրվարին «Հայաստան - Եվրոպական միություն համաձայնագրի կիրարկման ընթացքը» խորագրով խորհրդարանական լսումներ կանցկացվեն: Որոշումը կայացվեց այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում:

Հանձնաժողովում այսօր քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկվեց նրանց դերը Հայաստան - ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի կիրարկման գործընթացում:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը իշխանություններին հորդորեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացում տուրք չտալ մարդու իրավունքների դեմ հնչեցվող մարգինալ խմբերի հայտարարություններին, ինչպես, ըստ իրավապաշտպանի, եղավ Ստամբուլյան կոնվենցիայի դեպքում:

«Ակնկալում ենք իշխանության, կառավարության և Ազգային ժողովի պատգամավորների ջանքերը՝ սկզբունքային դիրքորոշումներ արտահայտելու CEPA-ով արձանագրված բովանդակային նշանակություն ունեցող խնդիրների լուծման ուղղությամբ հանրային հարթակներում, Հանրային հեռուստաընկերության բոլոր քննարկումների ժամանակ, զսպված չմնալ, տուրք չտալ պոպուլիստական, հակամարդկային կամ մարդու իրավունքների սկզբունքներին դեմ ասվող տարբեր չգիտեմ ինչ-որ բաներին՝ մարգինալ խմբերի կողմից հնչեցվող։ Որպես օրինակ մի բան է՝ Ստամբուլյան կոնվենցիան ձեզ օրինակ, շատ ամոթխած էիք», - ասաց Արթուր Սաքունցը։

Եվրոպայի Խորհրդի Ստամբուլյան կոնվենցիան ուղղված է կանանց ու երեխաների դեմ բռնության կանխարգելմանը։ Հայաստանն այն ստորագրել է 2017 թվկաանին և դեռ չի վավերացրել:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը չհամաձայնեց Սաքունցի անցկացրած զուգահեռների հետ. - «Օրինակը շատ սխալ օրինակ էր, որովհետև Ստամբուլյան կոնվենցիան Եվրոպայի խորհրդի կոնվենցիա է, այն որևէ կապ չունի Հայաստան - Եվրամիության հարաբերությունների հետ։ Մենք Եվրամիության հետ մեր երկկողմ հարաբերություններում ը համաձայնագրի կիրարկման գործընթացում որևէ նման հանձնառություն այդ կոնտեքստում չունենք»։

«Էկոլուր» կազմակերպությունից Վիկտորյա Բուռնազյանը բարձրացրեց ատոմակայանի հարցը: Պնդեց, թե CEPA-ի համաձայնագրի 42-րդ հոդվածով նախատեսվում է ատոմակայանի փակման ճանապարհային քարտեզի մշակում: Նկատեց, որ անցած տարի կառավարության մշակած ճանապարհային քարտեզում մինչդեռ այս մասով ոչինիչ չկա. - «Եվ էներգետիկ բլոկում մենք որևէ կետ չգտանք ատոմակայանի, միջուկային էներգետիկայի հետ կապված, միջուկային թափոնների հետ կապված։ Ուզում էի իմանալ՝ արդյո՞ք նախատեսվում է հետագայում նոր ճանապարհային քարտեղի մշակման մեջ ներառել նաև ատոմակայանի և թափոնների հարցը»։

Արման Եղոյան. - «Ձեր մատնանշած դրույթը նախատեսում է ոչ թե ատոմակայանի փակման ճանապարհային քարտեզ, այլ ատոմակայանի փոխարինման՝ հին ատոմակայանի փոխարինումը նոր ատոմակայանով։ Այնտեղ խոսք չի գնում ատոմակայանի փակման մասին և շատ հստակ ասվում է, որ գործող ատոմակայանի փակման մասին կարող է խոսք լինել միայն այն ժամանակ, երբ դրա ներկայիս արտադրած էներգիային համարժեք էներգիա ունենա Հայաստանի Հանրապետությունը էլի միջուկային աղբյուրից»։

Եվրանեստ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Գայանե Աբրահամյանը նկատեց, որ այս հարցն ակտիվորեն օրակարգ են բերում հարևան Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները. - «Նաև պետք է դիտարկենք, թե ինչ էր ասվել ՄԱԳԱՏԵ-ի վերջին զեկույցում, որ Հայաստանը բավական բարձրացրել է իր անվտանգային մեխանիզմները, և իրենց ներկայացրած անվտանգության աղյուսակով Մեծամորի ատոմակայանը մոտավորապես, եթե չեմ սխալվում, չորսբալանոց համակարգով 3,8-ին է համապատասխանում: Այսինքն, իրենց դիտարկմամբ, այս պահին գոնե այնտեղ խնդիր, մեծ հաշվով, չկա։ Այո՛, վերազինման, վերափոխման գործընթաց պետք է իրականացվի, բայց մենք գոնե չպետք է անընդհատ ասենք, որ ՍԵՊԱ-ն պահանջում է փակել ատոմակայանը։ Սա մի բան է, որ անընդհատ ասում է Ադրբեջանը։ Մենք գոնե այդ բառապաշարով չպետք է խոսենք»։

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Այն վավերացրել և ԵՄ խորհրդին տեղեկացրել են անդամ 28 պետություններից 17-ը։ Վավերացրել է նաև Հայաստանը:

Հայաստան - Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատվել է «ՀՀ - ԵՄ Գործընկերության առաջնայնություններ» փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովում: Հանձնաժողովը համակարգել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ճանապահային քարտեզում ներառված են միջոցառումների և ոլորտների ցանկը, որոնք արդեն ուժի մեջ են մտել համաձայնագրով։ Դրանք են՝ էներգետիկ համակարգ, շրջակա միջավայր, տրանսպորտ, կլիմայի փոփոխություն, սպառողների պաշտպանություն, միգրացիա, կոռուպցիայի դեմ պայքար, դատական բարեփոխումներ, ժողովրդավարության ամրապնդում, մարդու իրավունքներ, ինչպես նաև առանձին ուժի մեջ մտած հատված կա, որը վերաբերում է առևտրին և առևտրի կանոններին:


XS
SM
MD
LG