Մատչելիության հղումներ

Արթուր Վանեցյանը «Հայկական ժամանակ»-ի դեմ հայց է ներկայացրել դատարան


ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյան, փետրվար, 2020թ.

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ հայց է ներկայացրել դատարան։ Պատճառը նախորդ ամիս թերթում հրապարակված «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» վերնագրով հոդվածն է, որտեղ մասնավորապես գրված էր. - «Հայկական ժամանակ»-ի ձեռքի տակ են հայտնվել փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում և ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից: Ընդ որում, հիմքեր կան մտածելու, որ այդ հակաքարոզչությունը նաև վճարվում է Վանեցյանի կողմից»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի ուշ Կապանում տված իր ասուլիսում հիբրիդային հեղաշրջման փորձի անբաժանելի մաս էր որակել «Հայկական ժամանակ»-ում նկարագրված հակաքարոզչությունը։

Քաղաքական հայտ ներկայացնող ԱԱԾ նախկին տնօրենի փաստաբան Արամազդ Կիվիրյանն ասում է՝ նախքան դատարան դիմելը պահանջել են հերքել ու հերքման տեքստը հրապարակել, ինչը, սակայն, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը չի արել։

«Մեր կողմից ներկայացվել է հայցադիմում, որը որ վերաբերում է և՛ հերքմանը, այսինքն՝ հերքման պահանջին, այդ թվում նաև՝ որպեսզի հոդվածը հեռացվի, հրապարակվի հերքման տեքստը, որը որ նաև ներկայացված է հայցադիմումին կից, ինչպես նաև ներկայացվել է պահանջ՝ ոչ նյութական վնասի հատուցման վերաբերյալ։ Այն հայցը, որը որ ներկայացվել է մեր կողմից, այն փաստական հանգամանքները, որը որ առկա են հայցադիմումի մեջ նաև, և իրավական նաև հիմքերը և հիմնավորումները, որ մեր կողմից վկայակոչվել են, իմ մոտ համոզմունք են ձևավորում առ այն, որ մեր հայցը իրավական տեսանկյունից պետք է բավարարվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կիվիրյանը։

Ինքը՝ Վանեցյանը, անցած շաբաթ մի շարք տպագիր լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր, թե պետական հեղաշրջում անելու մտադրություն չի ունեցել։

«Կարծում եմ, որ հոդվածի նմանատիպ բովանդակությունը նպատակ է հետապնդել հենց որպեսզի զրպարտություն տեղի ունենա, հակառակ պայմաններում, եթե, օրինակ, իրենք ունենային որոշակի ինչ-որ փաստեր և դրանք ճշտելու անհրաժեշտություն ունենային, համենայն դեպս, կկատարեին որոշակի քայլեր և կձեռնարկեին որոշակի գործողություններ։ Բայց մենք տեսնում ենք, որ այստեղ որևէ փաստի ճշտման անհրաժեշտություն անգամ չկա, որովհետև տվյալները, որոնք որ ներկայացվել են՝ ես դրանք նույնիսկ փաստեր չեմ ուզում որակեմ, ուղղակի վերևից ներքև ստահոդ են և իրականության հետ որևէ առնչություն չունեն։ Եվ դրա վերաբերյալ նաև պատասխան հրապարակելու անհրաժեշտություն չկա, որովհետև մենք պահանջում ենք հենց հերքում, այսինքն՝ այն, որ դրանք ուղղակիորեն չեն համապատասխանում իրականությանը», - նշեց փաստաբանը։

«Հայկական ժամանակ»-ից «Ազատությանն» այս պահին հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ։

Հայցադիմումի առնչությամբ առայժմ մեկնաբանություններից զերծ են մնում լրագրողական կազմակերպությունները։

XS
SM
MD
LG