Մատչելիության հղումներ

Ադրբեջանում պատգամավորության թեկնածուների նախընտրական հանդիպումներն ուղեկցվում են միջադեպերով


Ծաղրանկար՝ ընտրարշավն Ադրբեջանում, փետրվար, 2020թ.

Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին մնաց երկու օր՝ քվեարկությունը կիրակի օրն է:

Պատգամավորության թեկնածուները վերջին հանդիպումներն են ունենում ընտողների հետ, ու համացանցում բազմաթիվ տեսանյութեր կան այդ հանդիպումների մասին, որ հանդիպման մասնակից սովորական քաղաքացիները ձեռքի հեռախոսներով նկարահանում, տեղադրում են սոցցանցերում: Այդ տեսանյութերում ընտրողները մեղադրում են իրենց ընտրյալներին, բացատրություններ պահանջում, թե պատգամավոր դառնալուց հետո ինչու են անտեսում իրենց խնդրանքները, մարզեր չեն գալիս, մարդկանց չեն հանդիպում, չեն լսում, ոչինչ չեն անում շարքային քաղաքացիների համար:

Վերջին միջադեպը տեղի է ունեցել Ֆազայիլ Ագամալիևի հետ, նա արդեն 20 տարի պատգամավոր է: Երեկվա հանդիպման ժամանակ ընտրողները վրդովված էին, ու նա ստիպված լքել է հանդիպման վայրը:

«Թուրան» գործակալության հաղորդմամբ՝ նման միջադեպեր են տեղի ունեցել պատգամավորության մի շարք այլ թեկնածուների հետ:

Հաղորդվում է նաև, որ արդեն ավելի քան մեկ շաբաթ է, ինչ արգելափակված են կամ հաքերային հարձակումների են ենթարկվում ընդդիմադիր կուսակցությունների որոշ կայքեր, մասնավորապես՝ «Մուսավաթ» կուսակցության ու դրան առնչվող կայքերը:

Մի շարք անկախ թեկնածուներ հայտնել են, որ իրենց ոստիկանություն են հրավիրել, ոմանք գնացել են, ոմանք ծանուցում են պահանջել: Անկախ թեկնածուները դա գնահատել են որպես իրենց վրա ճնշում գործադրելու փորձեր։

Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարական ուսումնասիրությունների կենտրոնը երեկ հրապարակել է իր միջանկյալ երկրորդ զեկույցը: Նշված է, որ քաղաքական ազատությունների սահմանափակումները պահպանվում են:

Ուսումնասիրված վերջին 20-օրյա ժամանակահատվածում կուսակցությունների կամ քաղաքացիական նախաձեռնությամբ հանրահավաքներ անցկացնելու փորձեր չեն արվել: Պետական հեռուստաալիքներով որևէ քննարկում չի հեռարձակվել ընդդդիմադիր հայացքներով մարդկանց հետ: Քննարկումներից բացի, նրանք չեն ներառվել ընտրությունների մասին պատմող հաղորդումներում: Զեկույցն ափսոսանքով փաստում է, որ Ադրբեջանի խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ժողովրդավարության ուղղությամբ առաջընթաց չի արձանագրվել։

XS
SM
MD
LG