Մատչելիության հղումներ

Գագիկ Խաչատրյանը մեղադրանքը չի ընդունում, բայց պատրաստ է մեղսագրվող գումարը վճարել


ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյան, արխիվ

Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորման որոշման դեմ վերաքննիչում բողոք են ներկայացրել Խաչատրյանի փաստաբանները, ինչպես նաև միջնորդել Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով։

Պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ մեղադրանքում նշված գումարի չափով պատրաստ են վճարում կատարել, իսկ դա մի քանի միլիարդ դրամ է։ Դատարանը որոշումը կհրապարակի փետրվարի 6-ին։

«Մեղադրանքների մասով, որևէ մեղադրանք չենք ընդունել, բայց պատրաստակամություն ենք հայտնում, որպեսզի հարազատների, ընկերների միջոցով այդ գումարները մեղսագրվող վճարենք դեպոզիտ հաշիվ, որպեսզի պետությունը ևս մեկ անգամ հստակ լինի, որ այստեղ որևէ կերպ քննությունից խոչընդոտելու միտում չկա, որովհետև Գագիկ Խաչատրյանը, երբ վերադարձել է Գերմանիայից Հայաստանի Հանրապետություն, հենց վերադարձել էր այն նպատակով, որպեսզի քննություն տեղի ունենա, և ամբողջ իրականությունը պարզվի: Բազմիցս նշել է՝ եթե կհայտնաբերվեն այնպիսի խախտումներ, թերություններ, որոնց հետ կապված ես մեղավորություն ունեմ, պատրաստ եմ դրանց համար պատասխան տալ, բայց այս պահին, նախնական այս փուլում, երբ ոչինչ հաստատված չի, այս առողջական վիճակում երկարատև կալանքի տակ պահել, սա ակնհայտորեն կոնվենցիայի խախտումների է հանգեցնելու», - ասաց Երեմ Սարգսյանը:

Փաստաբանը, անդրադառնալով այն պնդումներին, թե ազատության մեջ գտնվելով՝ Խաչատրյանը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից. կարող է խոչընդոտել գործի քննությանը, պնդեց՝ այս փաստարկները բացարձակապես անհիմն են ու դատարկ։

«2015 թվականից Գագիկ Խաչատրյանը պարբերաբար բուժման մեջ է գտնվել Գերմանիայի Դաշնությունում, վիրահատությունների է ենթարկվել և 2018 թվականին, երբ ողնաշարի վիրահատության է ենթարկվել, պարտադիր հետվերականգնողական բուժում պիտի ստանար, սակայն քրեական գործ է հարուցվել Հայաստանի Հանրապետությունում, և ընդամենը մեկ զանգով Գագիկ Խաչատրյանը ընդհատել է բուժումը պայմանով, որ հետագայում կվերադառնա շարունակելու, եկել է, ներկայացել վարույթն իրականացնող մարմին: Հիմա այսքանից հետո հարց՝ վարույթն իրականացնող մարմինը ո՞ր փաստարկով, դատարանները ո՞ր փաստարկով են գտնում, որ եթե անձը, իմանալով, որ հանցագործության հետ կապված իրեն կանչում են, ներկայացել է, ինչո՞ւ պետք է ազատության մեջ մնալու դեպքում այս պահին թաքնվի», - շեշտեց նա:

Գագիկ Խաչատրյանը կալանավորված է օգոստոսի 30-ից։ Նախկին ազդեցիկ բարձրաստիճան պաշտոնյան չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Մեղադրանքի դրվագներից մեկով նախկին պաշտոնյայի ղեկավարած կառույցում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել: Մեկ այլ դրվագով էլ խախտումներ են հայտնաբերվել պետական գերատեսչության գույքի իրացման գործընթացում:

Փաստաբանը նշում է՝ մի քանի տարի է, ինչ Խաչատրյանը վատառողջ է, ու այժմ բժշկական օգնության կարիք կա, որը չի ապահովվում. - «Բոլոր մասնագետները արտերկրում, Հայաստանում, առաջադեմ մասնագետները տվել են՝ եթե այս վիրահատությունը տեղի չունենա, կարող են ծայրահեղ անդառնալի հետևանքներ առաջանալ, անդառանալի հետևանքը նշում եմ, այլևս չեմ ցանկանում բացել, բայց անդառնալին արդեն բոլորի համար տարբեր առումներով պետք է հասկանալի լինի, բժկշկական հաստատությունները և բժիշկները դրա մասին բարձրաձայնում են: Այսքան ժամանակ հնարավորություն չի տրվել, որպեսզի վիրահատության ենթարկվի, և տեսեք, այդ հիվանդության հետ կապված, որ բուժում չի ստանում, ավելի խորանում ու բարդանում է իրավիճակը, և պետք է գոնե սիմպտոմատիկ բուժում կամ ընթացիկ բուժում ապահովեն, բայց սա էլ չեն ապահովում: Հարց է ծագում՝ ինչի՞ են ուզում սրա միջոցով հասնել, ինչու են այս ակնհայտ ապօրինությունները կատարվում Գագիկ Խաչատրյանի նկատմամբ»:

Ամիսներ առաջ՝ նախքան Գագիկ Խաչատրյանին կալանավորելը, ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել նրան պատկանող տարածքներում։ «Ազատության» հարցին, թե արդյո՞ք որևէ բան հայտնաբերվել է, փաստաբանն ասաց՝ գործի քննության հետ կապված ոչինչ չի հայտնաբերվել, ու ոչինչ չի առգրավվել։

Գագիկ Խաչատրյանը նախկինում բազմիցս է հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում իր ընտանիքին պատկանող բիզնեսների ու հարստության պատճառով:


XS
SM
MD
LG