Մատչելիության հղումներ

Այովայում դեմոկրատների ներկուսակցական ընտրություններում հաղթում է 38-ամյա Փիթ Բութիջիչը


ԱՄՆ - Փիթ Բութիջիչը ելույթ է ունենում Դե Մուանում անցկացվող հանրահավաքին, Այովա, 3-ը փետրվարի, 2020թ.

Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում թեկնածուի առաջադրման նպատակով Դեմոկրատական կուսակցության` Այովայում անցկացված ներկուսակցական քվեարկության արդյունքներով առաջատարն է 38-ամյա Փիթ Բութիջիչը:

Ինդիանա նահանգի Սաութ Բենդ քաղաքի նախկին քաղաքապետը, նախնական արդյունքներով, ստացել է կողմ ձայների 26,9 տոկոսը: Նրա մրցակից 78-ամյա Բերնի Սանդերսը հավաքել է ձայների 25,1 տոկոսը, 70-ամյա Էլիզաբեթ Ուորենը՝ 18,3 տոկոսը, իսկ նախկին փոխնախագահ 77-ամյա Ջո Բայդենը զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը՝ քվեների 15,6 տոկոսով:

Բութիջիչը հայտարարում է, որ Միացյալ Նահանգներում եկել է երիտասարդ քաղաքական առաջնորդների ժամանակը, և Վաշինգտոնում աշխատելու փորձ չունենալու հանգամանքն իրեն դարձնում է իդեալական թեկնածու` երկիրը միջկուսակցական փակուղուց հանելու համար:

Բութիջիչը Հարվարդի և Օքսֆորդի շրջանավարտ է, տևական ժամանակ զինվորական ծառայություն է անցել ամերիկյան զինված ուժերում՝ ընդհուպ մաս կազմելով Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զորախմբին:

Նյու Հեմփշիրում ելույթ ունենալով աջակիցների առջև՝ նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ նախընտրական քարոզարշավը սկսել է՝ չունենալով ո՛չ գումար, ո՛չ քաղաքական հայտնիություն, հենվել է բացառապես չորս հոգուց կազմված իր թիմի աջակցության վրա:

Ամերիկյան Այովա նահանգում ներկուսակցական ընտրությունների մեկնարկը, որոնց ընթացքում Դեմոկրատական կուսակցության աջակիցները որոշում են նոյեմբերին անցկացվելիք նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակցի անունը, ուղեկցվել է սկանդալով: Քվեարկության արդյունքները տեխնիկական խնդիրների պատճառով ուշ են հրապարակվել: Կուսակցությունից, սակայն, հավաստիացրել են, թե տեխնիկական խնդիրը պայմանավորված չէ համակարգչային հարձակումներով:

XS
SM
MD
LG