Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները՝ զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան մասին


Արխիվային լուսանկար

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն արձանագրում է՝ Քննչական կոմիտեն զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան առթիվ հարուցված քրգործի շրջանակում 3 ձերբակալված զինվորների մասին հայտնեց միայն նրա հարազատների երեկվա բողոքից հետո:

Զինվորի ծառայակիցները ձերբակալվել են զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար։

«Հայտարարությունն, իհարկե, ավելի շուտ նպատակ ուներ կարծես թե հույզերը հանդարտացնելուն, և պաշտպանության նախարարի հանդիպումը և արդեն երթի մասնակիցների հետ ճանապարհի կեսին հանդիպելը նույնպես նպատակ ուներ արդեն անարդարության և այդ զգացմունքներով ապրող կամ այդ վիճակում գտնվող մարդկանց հանդարտացնելու», - ասաց Սաքունցը։

Հունվարի 30-ին՝ զինծառայողի մահվան օրը Քննչական կոմիտեն հայտարարել էր՝ շարքային Ավագյանը իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ արձանագրվել է կենսաբանական մահը: Քրեական գործը հարուցվել էր ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Երեկ առավոտյան Ավագյանի հարազատները նրա դագաղը ցանկանում էին մայրաքաղաք բերել, պնդելով՝ 20-ամյա տղան ինքնասպան չի եղել, նրան սպանել են։ Ոստիկանները նրանց չէին թողնում Երևան շարժվել, հարազատներին լսելու գնաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, և վերջինիս հորդորով հավաքվածները վերադարձան Հայթաղ գյուղ՝ Ավագյանին հուղարկավորելու։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը զրույց է ունեցել Ավագյանի զորամասի հրամանատար Նիկոլայ Մխիթարյանի հետ։

«Նա ինձ ասեց, որ նա եղել է զորքի առաջ, զորք ասելով էդ 35-40 զինծառայողները, որոնք հրաձգարանում էին, ինչ-որ վարժանքների էին, ու ես շատ-շատ, նույնիսկ չէի հավատում ականջներիս, որ ես ասում եմ՝ «Դուք ո՞նց կարող եք հրամանատար լինեք, երբ Ձեր զորքի առաջ, փաստորեն, զինվորն ինքնասպան է լինում, ինչպես իրենք ասում են», - նշեց Ալեքսանյանը։

Ալեքսանյանի խոսքով՝ ինքը հրամանատարին հորդորել է հրաժարական տալ։ «Այդպիսի ավանդույթ հայկական բանակում չկա, որ զորամասի հրամանատարը պատասխանատվություն կրի զինվորների մահվան համար։ Ընդհանրապես հրամանատարական կազմից որևէ մեկը չկա, որ եթե նույնիսկ իր զորամասում մահվան մի քանի դեպքեր է, նրան պատասխանատվության ենթարկեն։ Առաջին պատճառը մահվան դեպքերի՝ անպատժելիությունն է», - ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ղեկավարը։

Իսկ ո՞ւր է զինվորական դատախազը, հարցնում է Ալեքսանյանը. «Գոյություն չունի, ինչ-որ ընդհատակում է երևի աշխատում, որ գար պաշտպանության նախարարի հետ կանգներ։ Պաշտպանության նախարարությունն էր քրեաիրավական գնահատականը տալիս այնտեղ և ոչ թե դատախազը»։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ընդգծում է՝ զինծառայողի մահը վրա էր հասել արձակուրդից վերադառնալուց հետո. «Տարիներ շարունակ ես հստակ ասում եմ՝ արձակուրդ մեկնած և վերադարձող զինվորների հետ կապված զորամասում ունենում են միջադեպեր։ Այսինքն՝ սա ռիսկային խնդիր է»։

«Վահրամ Ավագյանի հարազատներն ինձ պատմեցին, որ նա տնից չի ուզել գումարը, բայց նա գնացել է հորաքրոջ մոտ, խնդրել է, որ իրեն գումար տա, և հորաքույրը մերժել է նրան՝ ասելով, որ «տանջվելով աշխատել եմ փողերը, որ տանես չգիտեմ ում տա՞ս», - ասաց Ժաննա Ալեքսանյանը։

Խաղաղ պայմաններում Վահամ Ավագյանի մահն առաջինը չէ 2020-ին, այդպիսի մի քանի դեպք է գրանցվել, որոնցից երկուսը Քննչական կոմիտեն ինքնասպանություն է որակել։

Հունվարին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի համահեղինակած զինծառայողին ինքնասպանության հասցնելու պատիժը խստացնող նախագիծը, որն առաջարկում էր Քրեական օրենսգրքում միանգամից երկու նոր հոդված սահմանել՝ 360.1՝ «Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը», որը նախատեսում է վեցից մինչև ինը տարի ազատազրկում, իսկ ռազմական դրության ժամանակ՝ մինչև տասը տարի ժամկետով ազատազրկում, և 360.2 հոդվածը՝ «Զինծառայողին անուղղակի դիտավարությամբ ինքնասպանության հասցնելը», որն առավել խիստ պատիժներ է սահմանում, ընդհուպ մինչև 14 տարի ժամկետով։

Գործող կարգավորումներով ինքնասպանության հասցնելու հոդվածը, որը պատժվում է 3-5 տարվա ազատազրկմամբ վերաբերում է բոլոր դեպքերին։

«Օրենքը խստացվել է, սակայն որևէ անձ պատասխանատվության չի ենթարկվելու, որովհետև միայն պատժի ծանրությունը բավարար չի հանցավորության դեմ պայքարելուն», - նշեց իրավաբան Արա Ղարագյոզյանը։

Ղարագյոզյանի խոսքով՝ պետք է պայքարել քրեական ենթամշակույթի, հրամանատարների կողմից որոշներին արտոնություններ տալու դեմ, բոլորը պետք է հավասար լինեն։

Երեկվա միջադեպից հետո Պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջում այսօր մի գրառում է հայտնվել։ «Բանակն ուժեղների համար է։ Ուժեղները չեն հանձնվում, չեն պարտվում, հավատում են սեփական ուժերին, հաղթանակին ու պայքարում են մինչեւ վերջ: Նվիրվածություն, արդարություն, սեր ու հարգանք՝ սրանք են բանակի հիմքերը: Բանակը մեր միասնության խորհրդանիշն է», - գրված է հրապարակման մեջ։

XS
SM
MD
LG