Մատչելիության հղումներ

Զոհրաբյանի խոսքով, հոգեբանական խնդիր ունեցող 56 զինվորների մեծ մասը խոստովանել է՝ իրենց հրապարակային նվաստացրել են


Խորհրդարանի Պետաիրավական հանձնաժողովի նիստ, 29-ը նոյեմբերի, 2019թ.
Խորհրդարանի Պետաիրավական հանձնաժողովի նիստ, 29-ը նոյեմբերի, 2019թ.

Խորհրդարանի Պետաիրավական հանձնաժողովն այսօր միաձայն դրական եզրակություն տվեց զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար նախատեսված պատիժը խստացնելու օրենքի նախագծին:

Օրինագծով առաջարկվում է Քրեական օրենսգրքում միանգամից երկու նոր հոդված սահմանել՝ 360.1՝ «Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը», որը նախատեսում է 4-ից մինչև 9 տարվա ազատազրկում, իսկ ռազմական դրության ժամանակ՝ մինչև 10-ը տարի ժամկետով ազատազրկում, և 360.2 հոդվածը՝ «Զինծառայողին անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության հասցնելը», որն առավել խիստ պատիժներ է սահմանում` 6 -ից մինչև 14 տարի ժամկետով: Այժմ Քրեական օրենսգրքում առկա 110 հոդվածը վերաբերում է ընդհանրապես ինքնասպանության հասցնելուն` սահմանելով 3-5 տարի ազատազրկում:

Օրենսդրական փոփոխության հեղինակ, Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն, այսօր Պետաիրավական հանձնաժողովի նիստին ներկայացնելով օրինագիծը, շեշտեց, որ այն կօգնի նվազեցնել ինքնասպանությունների թիվը։ Ըստ Զոհրաբյանի, բանակում այսօր ունենք բավական տխուր վիճակագրություն. ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով ինքնասպանությունների թիվն այսօր ավելի շատ է, քան թշնամու գնդակից զոհերի թիվը: Դատախազության տվյալներով՝ միայն այս տարի արդեն ինքնասպանության 9 դեպք է արձանագրվել:

«Եթե նիստը փակ լիներ, ձեզ կներկայացնեի դեպքեր, երբ ինչպես են փորձել զինվորի արժանապատվությունը նվաստացնել, հեռախոսով նրան ցույց են տվել իր ընտանիքի մի անդամի հետ կապված մի կադր։ Հիմա սա ո՛չ ծեծ է, ո՛չ բռնություն է, բայց զինվորը գնացել է և ինքնասպան եղել», - պատմեց Զոհրաբյանը։

Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը հայտնեց՝ վերջերս է վերադարձել Արցախից, խոսել է տարբեր զինվորների հետ, ճիշտ է՝ որոշ փոփոխություններ կան, բայց նվաստացնելու, ստորացնելու ենթամշակույթը շարունակում է գործել։

«Ինչի՞ կեպկադ սենց չես դրել կամ կեպկայով ջուր ես խմել, և զինվորի գլուխը վերցրել և մտցրել են ծորակի մեջ, և տհաճ միջադեպ է տեղի ունեցել։ Եվ եթե էտ պահին չլինեին այնտեղ մարդիկ, ովքեր պարզապես զինվորին փորձել են... որովհետև նա իրեն նվաստացած է զգացել, երբ որ իր զինակիցների ներկայությամբ իր հետ էտպես են վարվել։ Ես չեմ բացառում, որ մենք կունենայինք, այո, ինքնասպանության դեպք», - ներկայացրեց նա։

Պատգամավորը եղել է նաև Կանազի զինվորական հոսպիտալում և զրուցել հոգեկան խնդիրներ ձեռք բերած տասնյակ զինծառայողների հետ, և նրանցից շատերը խոստովանել են, որ հրապարակային նվաստացման են ենթարկվել։

«Ես զրուցել եմ, Կանազի կայազորում այս պահին 56 զինվոր տարբեր հոգեկան, հոգեբանական խեղումներով գտնվում է այնտեղ, և նրանցից գերակշիռ մեծամասնությունը, ցավոք սրտի, էնտեղ է, այդ շեղումները ստացել է, ինձ հետ առանձին զրույցներում մի մասը պնդել է, որ իրենց հանդեպ եղել է հրապարակային նվաստացում, իրենք մի բան պետք է անեին՝ կամ պիտի վերցնեին զենքը և գնդակահարեին իրենց նվաստացնողին, որը չեն արել, և դա հատկապես բերել է խորացված սթրեսի, խորացված սթրեսը կարող է բերել ինքնասպանության փորձի», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Նշենք, որ խորհրդարանական բոլոր ուժերը կողմ արտահայտվեցին զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար նախատեսված պատիժը խստացնելու առաջարկին, դրական եզարակացություն է տվել նաև կառավարությունը:

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Քրեական օրենսգրքում ստեղծվելիք 2 նոր հոդվածները կկատարեն կանխարգելիչ ֆունկցիաներ, որոնք բավական ծանր պատժաչափեր են սահամանում: Ըստ փոխնախարարի, սակայն, միայն նոր հանցկազամերի ստեղծումով բոլոր խնդիրները չեն լուծվելու, ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով առաջացող հանցագործությունները կանխելու համար անհրաժեշտ են համալիր գործողություններ։

«Հիմնական պատճառները, կարելի է ասել, ավելի շատ սոցիալական և կենցաղային բնույթի են։ Մենք հիմա պայքարում ենք շատ ակտիվ հանցավոր ենթամշակույթի դեմ, և բանակն այն մինի տարածքն է, որտեղ այս հանցավոր ենթամշակույթի տարրերը ակնհայտ են դառնում, և դրանով պայմանավորված է այդ աստիճանակարգության մթնոլորտը, որի արդյունքն էլ հենց հանդիսանում է այս կամ այն անձի կողմից ինքնասպանության դիմելը։ Միայն հանցակազմի նախատեսումը ունակ չի լուծելու բոլոր այն խնդիրները, որոնք առկա են, դա պետք է կատարվի մարդկանց, զինծառայողների իրավագիտակցության բարձրացմանն ուղղված միջոցառումների կատարմամբ և այլ միջոցառումներով, այսինքն՝ համալիր միջոցառումների կատարում է պահանջում», - ասաց նա։

Հավելենք, որ Հելիսնկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով, այս տարի՝ մինչև նոյեմբեր ամիսը, բանակում ինքնասպանությունների թիվը հասել է 10-ի :Վերջին դեպքը նոյեմեբերի 26-ին էր արձանագրվել. Դիլիջանի ուսումանական կենտրոնի տարածքում հայտնաբերվել էր 19-ամյա զինծառայողի դին՝ ծառից կախված վիճակում:

XS
SM
MD
LG