Մատչելիության հղումներ

Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել են նրա 3 համածառայակիցները, այդ թվում` Առաքել Մովսիսյանի որդին


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը:

Նրանք ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով` այն է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում: Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք նաև, որ մահացած զինծառայողի հարազատներն այսօր առավոտյան նրա դին բերում էին Երևան` հայտարարելով, որ չեն հավատում, որ իրենց որդին ինքնասպան է եղել: Այստեղ ժամանած պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ որևէ ապացույց չունի, որ եղել է ինքնասպանություն, հանգամանքները պարզվելու են: Նա մանրամասնեց, որ 3 ձերբակալվածներից մեկը հանրապետական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (հայտնի «Շմայս» անունով) որդին է` Դավիթ Առաքելի Մովսիսյանը:

Դավիթ Տոնոյանի, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հորդորով հարազատները որոշեցին Վահրամ Ավագյանի դին տանել հուղարկավորության:

Հիշեցնենք, ՔԿ-ից ավելի վաղ հայտնել էին` հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով ինքնասպանության հասցնելը։

XS
SM
MD
LG