Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների մեծ մասը դրական է վերաբերվում Սահմանադրությունում Պուտինի առաջարկած փոփոխություններին. հարցում


Ռուսաստանի Սահմանադրությունը, արխիվ
Ռուսաստանի Սահմանադրությունը, արխիվ

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը (ВЦИОМ) և «Լևադա կենտրոնը» միաժամանակ ուսումնասիրել են ռուսաստանցիների կարծիքը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ու այսօր հրապարակել դրանց արդյունքները։

ВЦИОМ-ի ներկայացրած տվյալների համաձայն՝ ռուսաստանցիների շուրջ 91 տոկոսը դրական է գնահատել Սահմանադրությունում սոցիալական բլոկին վերաբերող փոփոխությունների փաթեթը, մասնավորապես՝ պարտադիր ինդեքսավորման և նվազագույն աշխատավարձի մասին դրույթները։

Պուտինը, հիշեցնենք, առաջարկել է Մայր օրենքում ամրագրել, որ նվազագույն աշխատավարձը չպետք է պակաս լինի, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ Փորձագետների կարծիքով, սոցիալական ոլորտին վերաբերող այս հարցերը նախագահը հատուկ է ներառել սահմանադրական փոփոխությունների փաթեթում՝ ռուսաստանցիների աջակցությունն ունենալու համար։ Հիմնական կետերը Պուտինի առաջարկած սահմանադրական բարեփոխումների փաթեթում երկրի կառավարման համակարգին են վերաբերում։

Ռուսաստանցիները, սակայն, Պուտինի և այդ առաջարկություններին են աջակցում, մասնավորապես՝ այլ պետությունների քաղաքացիության և բնակության թույլտվության՝ նահանգապետերի, կառավարության անդամների, քաղաքացիական ծառայողների, դատավորների, Պետդումայի պատգամավորների, սենատորների և քաղաքապետարանի աշխատողների համար արգելքը ռուսաստանցիների 68 տոկոսը դրական է ընդունում, 14 տոկոսը՝ բացասական։ Նախագահի լիազորությունները մասամբ խորհրդարանին փոխանցելու մասին փոփոխություններին դրական է վերաբերվում հարցված ռուսաստանցիների 60 տոկոսից ավելին։

Իսկ ահա «Լևադա կենտրոնը» պարզել է՝ ռուսաստանցիների գրեթե կեսը՝ 47 տոկոսը համոզված է, որ այդ փոփոխություններն ընդունվում են Պուտինի շահերի համար, նրա լիազորություններն ընդլայնելու և իշխանությունը 2024-ից հետո պահպանելու համար։ Հարցման արդյունքները «Լևադա կենտրոնը» հրապարակել է իր կայքում։

Հունվարի 15-ին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում Վլադիմիր Պուտինն առաջարկեց Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել, արագ, նույն օրը ստեղծվեց աշխատանքային խումբ, նախագիծն ուղարկեցին Պետդումա, պատգամավորներն այն առաջին ընթերցմամբ միաձայն հավանության արժանացրին: Առաջիկայում պետք է տեղի ունենա նաև երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը, հետո էլ անցկացվելու է համառուսաստանյան քվեարկություն։ Նախագահը հայտարարել է, որ չի ստորագրի նախագիծը, եթե չունենա ռուսաստանցիների մեծ մասի աջակցությունն այս հարցում։

Հավելենք, որ Պուտինի սահմանադրական փոփոխությունների փաթեթը զգալիորեն փոխում է Ռուսաստանի կառավարման համակարգը. նախագահի մի շարք լիազորություններ անցնում են խորհրդարանին՝ Պետդումային և Դաշնության խորհրդին, մյուս կողմից՝ նախագահը դատավորներին, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի, պաշտոնից հեռացնելու իրավունք է ստանում։ Սակայն հիմնական փոփոխությունը, որ քննարկվում է այսօր ռուսաստանյան քաղաքական շրջանակներում, Պետական խորհրդին սահմանադրական կարգավիճակ տալու մասին կետն է։ Ընդ որում, ինչ լիազորություններ և գործառույթներ է ունենալու այդ մարմինը, հայտնի չէ, այս մասին նշված է լինելու դաշնային հատուկ օրենքում, որը պետք է ընդունեն սահմանադրական բարեփոխումները ընդունելուց հետո։

Ռուսաստանցի փորձագետների մեծ մասը համարում է, որ Պուտինը մտադիր է 2024 թվականից հետո, երբ լրանա իր նախագահության չորրորդ ժամկետը, զբաղեցնել Պետխորհրդի ղեկավարի պաշտոնը։

XS
SM
MD
LG