Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիների մոտ 50 հոգանոց խմբի հետ այսօր այցելել է Տավուշի մարզի Կիրանց բնակավայր, որտեղ նախորդ տարի սահմանազատում իրականացվեց:
Նիկոլ Փաշինյանը, ըստ նրա աշխատակազմի հաղորդագրության, նշել է, որ այսօրվա այցի նպատակն է ցույց տալ Հայաստանի անվտանգության ապահովման այն կոնցեպտը, որով առաջնորդվում է կառավարությունը: Վարչապետն ընդգծել է, որ երկրի անվտանգությունը միայն բանակի շնորհիվ հնարավոր չէ ապահովել, անվտանգության ապահովման գործիքները պետք է լինեն բազմազան, և Կիրանցի պատն անվտանգության այդ գործիքներից մեկն է:
«Վստահաբար ասում եմ՝ Կիրանցը Հայաստանի ամենաանվտանգ գյուղերից է»,- ասել է նա:
Փաշինյանի ներկայացմամբ՝ ներկայումս գյուղում 54 նոր տուն է կառուցվում: Վարչապետը սահմանազատման գործընթացը կարևորել է նաև կառավարման տեսանկյունից:
Ավելի քան երեք տարի է՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն աշխատում են, բայց մինչ օրս սահմանազատվել է միայն Տավուշի մոտ 12 կիլոմետրանոց հատվածը, ինչն ուղեկվեց բողոքի ցույցերով, որը սկիզբ առավ Կիրանցում, ապա տեղափոխվեց Երևան:
Այս սահմանազատմամբ Բաքվին վերադարձվեց հայկական վերահսկողության տակ գտնվող չորս գյուղ: Սահմանազատման հաջորդ փուլի ու կոնկրետ ուղղության մասին դեռ չի հայտարարվել:
Կառավարությունը հայտնում է նաև, որ Կիրանցում կոնֆիդենցիալության պայմաններում քաղաքացիներին ներկայացվել են վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը և տեխնիկան, ինչպես նաև ինժեներական նորարարությունները: