Մատչելիության հղումներ

«Էլեկտրիկ Երևանի» գործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության գնդապետ Արման Ավագյանին


Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ) փոխանցում են, որ «Էլեկտրիկ Երևանի» գործով բռնություն գործադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու համար մեղադրանք է առաջադրվել ոստիկանության գնդապետ Արման Ավագյանին։

Ըստ առաջադրված մեղադրանքի` 2015 թվականի հունիսի 23-ին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Երևան քաղաքում անցկացվող հավաքը ցրելու ընթացքում, Ազատության հրապարակին հարակից տարածքում Արման Ավագյանը ոստիկանության երկու այլ ծառայողների հետ բռնել է հավաքի մասնակիցներից Ֆիլիպ Արզումանյանին և, դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից, բռունցքով երկու անգամ դիտավորությամբ հարվածել է նրա գլխի շրջանին` էական վնաս պատճառելով Ֆիլիպ Արզումանյանի իրավունքներին ու օրինական շահերին: Քրեական գործից Արման Ավագյանի վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Արման Ավագյանի փաստաբան Ղևոնդ Պապոյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ առաջադրված մեղադրանքում Պապոյանն իրեն մեղավոր չի ճանաչել։ Փաստաբանն այլ մանրամասներ չհայտնեց։

Տուժող Ֆիլիպ Արզումանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նախորդ շաբաթ հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության։ Վերահաստատել է նախկինում տված իր ցուցմունքը. - «Ես քայլում էի ուղղակի ու տեսա, որ մի խումբ քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել են մի աղջկա վրա, քաշում էին մազերից, տանում են։ Ես իրենց բարձր նկատողություն արեցի, ինչից հետո 3-4 հոգով հարձակվեցին ինձ վրա, մեկը ձեռքս ոլորեց, մյուսը պահում էր ինձ, մյուսը դեմքիս մի քանի անգամ հարված հասցրեց։ Դրանից հետո ինձ տարան ոստիկանության մեքենա»։

2015-ի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած «Էլեկտրիկ Երևան»-ի խաղաղ ցույցի մասնակիցների, լրագրողների նկատմամբ կազմակերպված բռնությունների առթիվ հարուցված քրեական գործով մի քանի տասնյակի հասնող տուժողներ կան, ներգրավված մեղադրյալներն այս պահին հինգն են։

ՀՔԾ-ն հայտնում է նաև, որ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով մեղադրանք էն առաջադրվել ոստիկանության 4 ծառայողների, որոնց վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան և նրանց վերաբերյալ արդեն կան օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ։

Սրանից հետո բուն գործը, սակայն կասեցվեց։ Բողոքարկումից հետո գործով նախաքննությունը այժմ շարունակվում է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG