Մատչելիության հղումներ

Բռնություններից 4 տարի անց մեղավորները դեռ պատասխանատվության չեն ենթարկվել. «Էլեկտրիկ Երևան»-ի տուժող


Ոստիակնները ցուցարարներին հեռացնում են Բաղրամյան պողոտայից, 23-ը հունիսի, 2015 թ.
Ոստիակնները ցուցարարներին հեռացնում են Բաղրամյան պողոտայից, 23-ը հունիսի, 2015 թ.

Թեհմինե Ենոքյանը համոզված է՝ Քննչական ծառայությունում ցանկություն չունեն բացահայտելու «Էլեկտրիկ Երևանի» գործը։

Լրագրող Թեհմինե Ենոքյանի խոսքով, 2015-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Էլեկտրիկ Երևան» ցույցերի մասնակիցների, լրագրողների նկատմամբ իրականացված բռնություններից 4 տարի անց գլխավոր մեղավորները դեռ պատասխանատվության չեն ենթարկվել:

Հեղափոխությունից հետո՝ անցած տարի մարտին Հատուկ քննչական ծառայությունը կասեցրել էր հարուցված քրեական գործը՝ պատճառաբանությամբ, թե որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձինք հայտնի չեն:

Արդեն այս տարվա մարտին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ Գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումից հետո քրեական գործի վարույթը Հատուկ քննչական ծառայությունում վերսկսվել է։

«Փոխանակ նոր քրեական գործ հարուցվեր նաև քննիչի գործողությունների վերաբերյալ, այդ բողոքն էլ ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, նույն քննիչի տիրույթում է գտնվում։ Հարց է առաջանում, թե քննիչն ինչպե՞ս է քննելու իր դեմ բողոքը կամ դիտարկելո՞ւ է իր գործողությունները 4 տարվա անգործություն, և Հատուկ քննչական ծառայությունում ինչպիսի՞ անաչառ քննություն են իրականացնելու ոչ միայն այս գործով, այլ նաև քննիչի գործողությունների վերաբերյալ», - նշեց Թեհմինե Ենոքյանը։

Ենոքյանը վստահ է, որ քննիչը 4 տարի շարունակ ոչ մի քայլ չի ձեռնարկել՝ բացահայտելու համար մեղավորներին։ Նա համոզված է, որ Հատուկ քննչական ծառայությունում ցանկություն չունեն բացահայտելու «Էլեկտրիկ Երևանի» գործը, քանի որ մտավախություն ունեն, որ որոշ գործող պաշտոնյաների նկատմամբ մեղադրանք կառաջադրվի։

«Ներքին օղակներում, միջին օղակներում, ցածր օղակներում այն քննիչներն են, որոնք տարիներ շարունակ ծառայել են նախորդ ռեժիմին, և դժվար չէ պատկերացնել, որ իրենք իրենց դեմ չէին կարող գործողություններ իրականացնել», - ընդգծեց Ենոքյանը։

Ազգային ժողովի պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թագուհի Թովմասյանը («Իմ քայլը») նույն կարծիքին է։ «Ժողովուրդ» օրաթերթի նախկին խմբագրի համար խիստ անհասկանալի է՝ հետհեղափոխական Հայաստանում քրեական գործի ընթացքը նույնն է, ինչ նախորդ իշխանությունների ժամանակ․ - «Ուղղակի վստահ եմ, որ քաղաքական իշխանությունը կամ քաղաքական ղեկավարությունը կոնկրետ հրահանգ չի տվել լրագրողների գործերը փակելու: Դրա համար, կարծում եմ, արդեն մենք խնդիր ունենք ներքին օղակների հետ»:

Որ «Էլեկտրիկ Երևան»-ի գործով լուրջ տեղաշարժ չի լինելու, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը դեռ գործի մեկնարկի ժամանակ է համոզված եղել։ Նրա համար ի սկզբանե տեսանելի է եղել, որ Հատուկ քննչական ծառայությունն ու այն ժամանակվա իշխանությունները շահագրգռված չեն եղել այդ գործը բացահայտելու․ - «Տեսանյութերը, ֆոտոնկարները վկայում են, որ այդտեղ մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր, մարդիկ էին՝ ոստիկաններ էին կամ քաղաքացիական հագուստով անձինք էին, որոնք գործում էին ոստիկանների հովանու ներքո: Փաստորեն էդ բռնությունները, վայրագությունները իրականացրեցին և փաստորեն մինչև այսօր այսօր պատասխանատվության չեն ենթարկվել»:

Նրանց մի մասին Թեհմինե Ենոքյանն է նկարահանել, ապա՝ նույնականացրել: Չնայած դրան, Հատուկ քննչական ծառայությունը դեռ նոր մեղադրանքեր չի առաջադրել, չկան կասկասծյալներ։

Թեհմինե Ենոքյանն ասում է, որ «Էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ բռնություն գործադրած քաղաքացիական հագուստով ոստիկանների թեևրին «ոստիկանություն» գրությամբ ժապավենով տարբերանշաններ են եղել, նրանց մեծ մասը մինչև այս պահը շարունակում է բարձր պաշտոններ զբաղեցնել․ - «40 քաղաքացիական օպերլիազորների դեմքեր ունեի նկարահանած չորս տարի առաջ, որից 20-ի ինքնությունը իմ համար հայտնի է, տարբեր տեսակի աղբյուրներով ստուգված են՝ Shamshyan.com, Ոստիկանության կայքից։ Տարբեր պաշտոններ են մարդիկ ստացել, և այդ լուսանկարները համեմատել եմ, մարդկանց ինքնությունը նույնականացրել եմ, ինչը չի արել քննիչը չորս տարվա ընթացքում»:

«Էլեկտրիկ Երևան»-ի դեպքերից հետո միայն 4 ոստիկանի է մեղադրանք առաջադրվել՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար: Թե ինչ փուլում է «Էլեկտրիկ Երևանի» վերջերս վերսկսված գործը, առայժմ Հատուկ քննչական ծառայությունից նոր մանրամասներ հնարավոր չեղավ պարզել։

Ավելի ուշ Հատուկ քննական ծառայությունից հայտնեցին` գործը դեռևս նախաքննության փուլում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG