Մատչելիության հղումներ

«Էլեկտրիկ Երևան»-ի գործով ոստիկաններին չնույնականացնելը, մեղմ ասած, ամոթ է իրավապահների համար. Իոաննիսյան


Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի, «Էլեկտրիկ Երևան»-ի գործով կան շատ տեսանյութեր, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են ոստիկաններն ուղղակի հասնում և ծեծի ենթարկում չդիմադրող քաղաքացիներին։

«Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ Իոաննիսյանը նշեց՝ տեսանյութերում ոստիկանների դեմքերը շատ լավ երևում են, և չնույնականացնելն ուղղակի, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավարի, մեղմ ասած, ամոթ է իրավապահ համակարգի համար։

«Ազատություն». - «Էլեկտրիկ Երևան»-ի գործը կարճվեց։ Դուք բազմիցս ոստիկաններին քննադատել էիք այդ օրվա գործողությունների համար։ Փաստարկը սա է՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձինք հայտնի չեն, այնինչ, գիտեք, նույնիսկ Ֆեյսբուքում լրագրողները նույնականացրել էին բռնություն գործադրած ոստիկաններին՝ լուսանկարներով, բնակության վայրով, անուն-ազգանունով։

Իոաննիսյան. - «Էլեկտրիկ Երևան»-ի գործով ես ոչ միայն պատրաստ եմ ստորագրել լրագրողների այդ հայտարարությունների տակ, որ ըստ էության լավ էլ հայտնի է: Գիտեք՝ «Էլեկտրիկ Երևան»-ի գործով կան շատ տեսանյութեր, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են ոստիկանները ոչ միայն Բաղրամյանի վրա, անգամ Թումանյան-Հյուսիսային պողոտա խաչմերուկի վրա ուղղակի հասնում և ծեծի ենթարկում չդիմադրող քաղաքացիներին, և ոստիկանների դեմքերն էլ է շատ լավ երևում, ամեն ինչ շատ լավ երևում է, չնույնականացնելն ուղղակի, մեղմ ասած, ամոթ է իրավապահ համակարգի համար։

«Ազատություն». - Ինչո՞ւ, ի՞նչ եք կարծում, նույնիսկ իշխանափոխությունից հետո չեղավ այդ կամքը՝ դա անելու։

Իոաննիսյան. - Ես կդժվարանամ ասել, բայց, երկրորդ, այդ գործողության ղեկավարներն են՝ նախկինում մենք շատ էինք պայքարում, որ քրեական գործով ներգրավվեն Լևոն Երանոսյանն ու Աշոտ Կարապետյանը՝ երկու գեներալներ, ովքեր այդտեղ էին և ովքեր անմիջականորեն արձակում էին հրամաններ։ Լևոն Երանոսյանն անմիջականորեն հրահանգել է լրագրողի ձեռքում եղած տեսախցիկը կոտրել, և դա տեսանկարահանված է։ Մենք ունենք գրություն ոստիկանությունից, որ Աշոտ Կարապետյանն է եղել օպերացիայի ղեկավարը։ Աշոտ Կարապետյանը՝ այն ժամանակվա ոստիկանապետը Երևանի, հրահանգել է ցրել խաղաղ ցույց, հրահանգել է հատուկ միջոց հանդիսացող ջրցանն օգտագործել խաղաղ ցուցարարների դեմ, ինչն ուղղակի օրենքով արգելված արարք է և ինչն ուղղակիորեն քրեորեն հետապնդելի արարք է։ Այսինքն՝ ի՞նչ է, Աշոտ Կարապետյանի տեղը չգիտե՞ն։ Ինձ համար իրոք մի քիչ անհասկանալի է, թե ինչու է այս քրեական գործն այսպես կարճվում, որովհետև ես չեմ կարող ասել, որ իշխանությունները նպատակ ունեն պաշտպանելու Լևոն Երանոսյանին կամ Աշոտ Կարապետյանին՝ ակնհայտ է, որ ոչ։

Նշենք, որ 2015-ի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած «Էլեկտրիկ Երևան»-ի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը Հատուկ քննչական ծառայությունը կասեցրել է՝ պատճառաբանելով, թե որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձինք հայտնի չեն:

«Ազատություն». - «Ռեստարտ»-ի մասին, պարոն Իոաննիսյան, դեպքը՝ ակտիվիստ ներկայացող ոստիկանապետի նախկին օգնականին աղբաման նետելու այդ փորձն իրավապահներն առևանգման փորձ են գնահատել և այդ հատկանիշներով է քրեական գործ հարուցված։ Տեսնո՞ւմ եք Դուք առևանգման որևէ դրվագ։

Իոաննիսյան. - Չփորձելով որևիցե ձև արդարացնել բռնությունն՝ անգամ բռնությունը մի մարդու նկատմամբ, ով ժամանակին բռնությունն, ըստ էության, արդարացրել է, այսինքն՝ արդարացրել է ոստիկանների կողմից ապօրինի բռնությունները։ Չարդարացնելով բռնությունը՝ ես ասեմ, որ այստեղ ես չեմ կարծում, որ առևանգման հիմքեր կան՝ առևանգման հոդվածի, այստեղ ավելի շատ գուցե խուլիգանության հոդվածի հատկանիշներ կան, բայց ոչ առևանգման, որովհետև ամեն դեպքում առևանգել ենթադրում է մարդուն ազատությունից զրկել։ Այստեղ խոսքը չի գնացել ազատությունից զրկելու մասին։ Այստեղ ակնհայտ է, և ոչ ոք չի հերքում, որ եղել է փորձ՝ իրեն աղբաման նետելը և ոչ թե ազատությունից զրկելը, դրա համար ես չեմ կարծում, որ այստեղ առևանգման հատկանիշներ կան։

Մարտի 4-ին` կեսգիշերն անց, Ամիրյան փողոցի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները կանխել և բերման էին ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու: Բերման ենթարկված անձինք ավելի ուշ ազատ են արձակվել: Տեղի ունեցած միջադեպի փաստով դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝ խուլիգանության հատկանիշներով:

Միջադեպի մասին Ֆեյսբուքի իր էջում հաղորդագրություն էր գրել Նարեկ Մալյանը՝ նշելով, որ իր վրա հարձակվել են ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները։ Իր հերթին, «Ռեստարտ» նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանը հայտարարել էր, որ տևական ժամանակ է՝ Մալյանը իրենց հասցեին հրապարակային հայհոյանքներ է ուղղում, և իրենք ակցիա են իրականացրե՝ վիդեոբլոգեր Նարեկ Մալյանին տանում էին աղբարկղի մեջ նետելու, ու որ ոստիկանության աշխատակիցները ժամանեցին «աղբահանության» վայր և փախցրեցին բլոգերին։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG