Մատչելիության հղումներ

Թբիլիսին խոստանում է ամերիկացի օրենսդիրների դժգոհությունները պարզել դեմ առ դեմ


Վրաստանի կառավարության շենքը, արխիվային լուսանկար

Ամերիկացի մի խումբ կոնգրեսականների քննադատության թիրախում հայտնված Վրաստանի իշխանությունն անցնում է հակահարձակման:
Թբիլիսին խոստանում է ամերիկացի օրենսդիրների դժգոհությունները պարզել դեմ առ դեմ:

Վերջին օրերին Վրաստանի իշխող ուժը հեղեղվել է նամակներով Միացյալ Նահանգներից. ամերիկացի մի խումբ օրենսդիրներ՝ թե Հանրապետական և թե Դեմոկրատական կուսակցությունից, իրենց դժգոհությունն են հայտնել դաշնակից Վրաստանի իշխանությունների վերջին շրջանի քաղաքականության հետ կապված:

Ամերիկացի ազդեցիկ կոնգրեսականները, ովքեր դեռևս ամիսներ առաջ գործընկերներին համոզում էին մեծացնել Վրաստանին հատկացվող նյութական աջակցությունը և ավելի մեծ ջանք գործադրել Ռուսաստանից պաշտպանելու հարցում, վրացական կառավարության ղեկավարին ուղղված իրենց նամակում այժմ էլ մի շարք խնդիրների մասին են բարձրաձայնում: Նրանք, մասնավորապես, հիշեցնում են ընտրական համակարգը փոխելու խոստումը դրժելու մասին, ներդրումային կլիմայի վատթարացման, կոռուպցիայի առկայության, ժողովրդավարության ոլորտում արձանագրվող հետընթացի, ընդդիմախոսների նկատմամբ քրեական հետապնդումների մասին:

«Կոչ եմ անում ձեր կառավարությանը շուտափույթ ընդունել ընտրական օրենսդրությունը, որը հանրային լայն աջակցության կարժանանա և հավասար իրավունքներ կապահովի բոլորի համար: Եթե այդ քայլերը չձեռնարկվեն, ապա ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ աճող անվստահությունը կարող է խարխլել ընտրությունների լեգիտիմությունը և երկրի դատական համակարգի թափանցիկությունը», - ասվում է սենատոր Ռոջեր Ուիքերի նամակում: Այս դիտողությունները տեղ են գտել նաև կոնգրեսական Բրայան Բաբինի նամակում. ամերիկացի քաղաքական գործիչը, սակայն, մտահոգված է նաև Վրաստանի տնտեսական վիճակով:

«Ժողովրդավարական և տնտեսական ազատ շուկայի ցուցանիշներով Վրաստանում բացասական միտումն էլ ավելի է մեծանում» ,- գրել է կոնգրեսական Բաբինը` հավելելով, որ պատրաստվում է աջակցել գործընկերներից մեկի օրենսդրական նախաձեռնությանը, որով պատժամիջոցներ է առաջարկվում կիրառել պաշտոնական Թբիլիսիի դեմ, եթե գործողություններ չձեռնարկվեն պարտավորությունների կատարման հարցում:

Հանրապետական կոնգրեսական Փիթ Օլսոնը ոչ թե նամակով, այլ տեսանյութի միջոցով է արտահայտել իր դիրքորոշումը Նահանգների ֆինանսական աջակցությունից տասնամյակներ շարունակ օգտվող Վրաստանում տիրող իրավիճակի կապակցությամբ:

«Բիձինա Իվանիշվիլին Վլադիմիր Պուտինի խամաճիկն է», - հայտարարել է ամերիկացի օրենսդիրը:

Կապիտոլիումից (ԱՄՆ-ի Կոնգրեսի նիստերի գումարման շենքը Վաշինգտոնում) հնչող այս հայտարարություններին Վրաստանում որոշել են վիրավորված արձագանքել: Քննադատական նամակների հիմնական հասցեատեր, Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան նախընտրել է լռել, փոխարենը պատասխանել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Բաքրաձեն՝ ամերիկացի օրենսդիրների տոնայնությունը որակելով անընդունելի:

Կառավարության դիրքորոշումը հնչեցրել է նաև նախկին վարչապետ, այժմ պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին՝ շեշտելով, որ դժգոհությունները պետք է հարթվեն ոչ թե նամակագրության, այլ ուղղակի երկխոսության միջոցով. - «Եվ մենք դա անպայման կանենք առանց ավելորդ դրամաների»:

Ղարիբաշվիլիի քաղաքական ընդդիմախոսները մինչդեռ նշում են, որ «Վրացական երազանքն» ակնհայտորեն կորցրել է կապը իրականության հետ, ինչի «վառ ապացույցն ամերիկացի գործընկերների հետ փողոցային լեզվով երկխոսությունն է»:

«Վրաստանի կառավարությունը դեսպանության հետ միասին պաշտոնապես մտել է փողոցային առճակատման մեջ Միացյալ Նահանգների Կոնգրեսի և Սենատի հետ՝ շեշտը դնելով տոնայնության վրա, այլ ոչ թե բովանդակության, որը խնդիրներ է մատնացույց անում, ինչն էլ նման կոշտ տոնայնության է հանգեցրել», - հայտարարել է «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր ուժի առաջնորդներից Գիգի Ուգուլավան:

Վարդերի հեղափոխությունից հետո՝ տարիներ շարունակ, Վրաստանն օվկիանոսից այն կողմ աջակցության պակաս չի զգացել: Վաշինգտոնն ակտիվորեն աջակցել է Թբիլիսիին՝ լայնածավալ ծրագրեր իրականացնելով տնտեսությունից մինչև պաշտպանական ոլորտներում, զուգահեռաբար էլ առաջ մղել Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին Վրաստանի անդամակցության գաղափարը: Միացյալ Նահանգների և Վրաստանի մերձեցումն իր գագաթնակետին հասավ Ջորջ Բուշ կրտսերի նախագահության օրոք, ով 2005 թվականին բացառիկ այց կատարեց Թբիլիսի: Նա Սպիտակ տան միակ ղեկավարն է, ով այցելել է Վրաստան և Միացյալ Նահանգների միակ առաջնորդը, ով պաշտոնավարման օրոք եղել է Հարավային Կովկասում:

XS
SM
MD
LG