Մատչելիության հղումներ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Վրաստանին աջակցող հատուկ օրինագիծ է ընդունել


ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ

Միացյալ Նահանգները վերահաստատում է իր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 22-ին միաձայն հաստատեց Վրաստանին աջակցող հատուկ օրինագիծը:

Կոնգրեսում ներկայացված երկու կուսակցություններն էլ այս օրինագծով մեկ անգամ ևս ցանկանում էին ընդգծել Վաշինգտոնի և Թբիլիսիի հարաբերությունների առանձնահատուկ, ռազմավարական բնույթը: Օրինագծի հեղինակներն են Վիջինիայից ընտրված դեմոկրատ Ջերի Քոնոլին և Իլինոյսը ներկայացնող հանրապետական Ադամ Քինզինգերը:

«Այս օրինագծով մենք հստակ ազդակ ենք ուղղում Ռուսաստանի նախագահին, որպեսզի նա լրջորեն մտածի Վրաստանի ներքին գործերին ևս մեկ անգամ միջամտելուց առաջ», - հայտարարում էր Քինզինգերը Ներկայացուցիչների տան նիստի ընթացքում:

Պաշտոնական Թբիլիսիի արձագանքը ևս խիստ դրական էր: Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի համոզմամբ՝ կարևոր է ոչ միայն Կոնգրեսում այս օրինագծի ընդունման փաստը, այլև դրա հաստատման համար ընտրված ժամանակահատվածը:

«Այսօր մենք Միացյալ Նահանգների հետ համագործակցության աննախադեպ բարձր մակարդակ ունենք: Ներկայացուցիչների տան կողմից այս օրինագծի ընդունումը վկայում է, որ մենք վայելում ենք ամերիկյան իշխանության օրենսդիր թևի երկկուսակցական աջակցությունը», - նշում էր Վրաստանի արտգործնախարարը` հավելելով․ - «Միացյալ Նահանգների քաղաքական օրակարգը այսօր հագեցած է շատ լուրջ հարցերով, սակայն ԱՄՆ-ը նման կարևոր փաստաթուղթ է ընդունում: Դա վկայում է Միացյալ Նահանգների և Վրաստանի ռազմավարական համագործակցության կարևորության մասին, և որ այդ հարցը Ամերիկայի քաղաքական օրակարգի առաջնահերթ դրույթներից մեկն է»:

Ընդունված փաստաթղթով օրենսդիրները ամերիկյան կառավարությանը կոչ են անում խորացնել հարաբերությունները Վրաստանի հետ նախևառաջ պաշտպանության և անվտանգության ոլորտներում: Կոնգրեսականները կոչ են անում Պետդեպարտամենտին ռազմական և անվտանգության խնդիրների շուրջ Վրաստանի հետ համագործակցության հնգամյա ռազմավարություն մշակել: Առևտրի նախարարությանը կոչ է արվում ավարտին հասցնել Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները: Ամերիկացի կոնգրեսականները նաև հորդորում են պաշտոնական Վաշինգտոնին պատժամիջոցներ կիրառել այն անհատների հանդեպ, որոնց գործողությունները ոտնահարում են մարդու իրավունքները Վրաստանի օկուպացված տարածաշրջաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG