Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյն ընտրվել է ԵԽԽՎ-ի փոխնախագահ


Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյ, արխիվ
Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյ, արխիվ

Երեկ Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչ Պյոտր Տոլստոյն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) փոխնախագահ։

Տոլստոյը երկու փուլով է ընտրվել, ԵԽԽՎ-ում 132 պատգամավոր կողմ էին քվեարկել, 117-ը՝ դեմ։

Պյոտր Տոլստոյը դարձավ ԵԽԽՎ-ի 19-րդ փոխխոսնակը, մինչ այդ 18 փոխխոսնակները հավանության էին արժանանում առանց քվեարկության։ Ռուսաստանցի պատգամավորի դեպքում, սակայն, քվեարկությունը պարտադիր էր, քանի որ նրա թեկնածությանը դեմ էին մի շարք երկրների պատվիրակություններ։

Ուկրաինան ներկայացնող Մարիա Մեսենցևան հայտարարել էր, որ Տոլստոյի հռետորաբանությունը հակասում է եվրոպական արժեքներին, և դեմ էր արտահայտվել նրա թեկնածությանը։

Ռուսաստանցի պատգամավորին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրելը ողջունել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն՝ ասելով, թե Տոլստոյը հետևողականորեն պաշտպանում է Ռուսաստանի շահերը միջազգային հարթակներում։ Նա հիշեցրել է, որ անցած տարի Պյոտր Տոլստոյը ակտիվորեն մասնակցում էր ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները վերականգնելու համար բանակցություններին։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի պատվիրակությունը ԵԽԽՎ վերադարձավ անցած տարի՝ չորս տարվա բացակայությունից հետո։ Ղրիմի բռնակցման հետ կապված Ռուսաստանի պատվիրակության դեմ սահմանափակումներ էին գործում, ինչին ի պատասխան ռուսաստանցի պատգամավորները հրաժարվել էին ընդհանրապես մասնակցել ԵԽԽՎ-ի աշխատանքներին և վերադարձան այդ սահմանափակումները հանելուց հետո։

Ռուսաստանցի ընդդիմադիրները երեքշաբթի երեկոյան համացանցում բողոքում էին Տոլստոյի այս նոր՝ եվրոպական պաշտոնի դեմ, քանի որ նա հայտնի է իր սկանդալային, այդ թվում՝ հրեաների դեմ հայտարարություններով։

XS
SM
MD
LG