Մատչելիության հղումներ

Վարչապետը հայտարարում է՝ ՍԴ նախագահը ներքաշվել է հիբրիդային հեղաշրջման տրամաբանության մեջ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, 27 հունվարի, 2020թ.

«Հանրապետական» կուսակցության անդամները միջազգային կազմակերպությունից միջազգային կազմակերպություն են գնում՝ արձանագրելու, որ ՀՀ իշխանությունները հետապնդման են ենթարկում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին և անձնական հաշվեհարդար են տեսնում նրա հետ, այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ կար իրավապահների ու մարդկանց խումբ, ովքեր իրեն դիմել են՝ ասելով, որ ՍԴ նախագահի պաշտոնում Թովմասյանի գտնվելն ապօրինի է, և որ իրենք ունեն տեղեկություն, որ այդ կոմբինացիան առանց կեղծիքների չէր կարող իրականացվել. - «Այդ ժամանակ ես այդ տեղեկատվությամբ զբաղվելու ժամանակ չեմ ունեցել», - ասաց նա՝ հավելելով, որ այս ընթացքում որևէ քայլ չեն ձեռնարկել և ենթարկվել են քաղաքացիների քննադատության, և որոշ ժամանակ անց այդ անձանց հրավիրել է՝ պարզաբանելու վերոնշյալ թեման: Դրան հաջորդել է ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի հանրային նամակը, և այս թեման դարձել է քննարկման առարկա:

«Այդ օպերատիվ ինֆորմացիաները սկսեցին մեծ ծավալներով հոսել, դրանց հիման վրա հարուցվեցին քրեական գործեր, և տեղի ունեցավ ամենակարևոր և ամենամեծ բացահայտումը՝ փաստացի, ապացուցված, անառարկելի, որ Սահմանադրական դատարանի ընտրությունն Ազգային ժողովում տեղի է ունեցել կեղծիքի միջոցով», - հայտարարեց վարչապետը:

Նա նկատեց, որ ինքը չի ցանկացել խնդիր դնել՝ ունենալ խամաճիկային Սահմանադրական դատարան. - «Երբ ՍԴ նախագահը տեսել է, որ մեզ պետք չէ դա, դարձել է քաղաքական ընդդիմություն, և այո, իմ գնահատականն է, որ ներքաշվել է, այսպես ասած, հիբրիդային հեղաշրջման տրամաբանության մեջ»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ մասնավորապես հայտարարել էր․ - «2018 թվականից սկսած, մայիսից սկսած, մայիսից, սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո՝ ամենշաբաթյա ռեժիմով, հետո՝ ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանը իր ծառայություններն է առաջարկել ինձ, ասելով, որ «քանի որ ես եմ Սահմանադրության էս տեքստի հեղինակը, և ես Ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին, և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ ինչեր, ինչեր, ինչեր»։ Եվ նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել ա համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա Սահմանադրական դատարան»։

Դրան հաջորդել էր Հրայր Թովմասյանի կողմից այս հայտարարության հերքումը` դրանք որակելով անհեթեթություն:

«Այս պահից սկսած ես ուղիղ 20 օր համբերատար սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերն հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։ Դա չանելու դեպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ», - նշել էր Հրայր Թովմասյանը:

Երեկոյան Սահմանադրական դատարանի նախագահի հայտարարությանն արձագանքել էր վարչապետը՝ Ֆեյսբուքում գրելով․ - «Երևան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երևանում)։ Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ: Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք»:

Քիչ առաջ նա հրապարակել էր մի գրիչի լուսանկար` գրելով, որ դա Թովմասյանն է իրեն նվիրել, որ Թովմասյանը բազմիցս շողոքորթել է իրեն: Թովմասյանն էլ հանձնարարել էր իր փաստաբաններին հայցադիմում պատրաստել վարչապետի դեմ:

Փաշինյանի զրույցը քաղաքացու հետ ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG