Մատչելիության հղումներ

Հրայր Թովմասյանը խնդրել է իր փաստաբաններին պատրաստել հայցադիմում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի


Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը խնդրել է իր փաստաբաններին պատրաստել հայցադիմում ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը:

«Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը», - ասված է գրառման մեջ:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ ասուլիսի ժամանակ մասնավորապես հայտարարել է․ - «2018 թվականից սկսած, մայիսից սկսած, մայիսից, սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո՝ ամենշաբաթյա ռեժիմով, հետո՝ ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանը իր ծառայություններն է առաջարկել ինձ, ասելով, որ «քանի որ ես եմ Սահմանադրության էս տեքստի հեղինակը, և ես Ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին, և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ ինչեր, ինչեր, ինչեր»։ Եվ նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել ա համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա Սահմանադրական դատարան»։

Դրան հաջորդել է Հրայր Թովմասյանի կողմից այս հայտարարության հերքումը` դրանք որակելով անհեթեթություն:

«Այս պահից սկսած ես ուղիղ 20 օր համբերատար սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերն հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։ Դա չանելու դեպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ», - հայտարարել էր Հրայր Թովմասյանը:

Երեկոյան Սահմանադրական դատարանի նախագահի հայտարարությանն արձագանքել էր վարչապետը՝ Ֆեյսբուքում գրելով․ - «Երևան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երևանում)։ Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ: Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք»:

Քիչ առաջ նա հրապարակել էր մի գրիչի լուսանկար` գրելով, որ դա Թովմասյանն է իրեն նվիրել, որ Թովմասյանը բազմիցս շողոքորթել է իրեն:

XS
SM
MD
LG